Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը դժգոհ է Հայաստանի բյուջեից


Համաշխարհային բանկը, որը տաս տարվա ընթացքում Հայաստանին ավելի քան 600 միլիոն դոլարի արտոնյալ վարկեր է հատկացրել, փորձում է պարզել, թե ինչպես են ծախսվում մեր երկրի պետական բյուջեի փողերը։

Ուսումնասիրություն կատարած փորձագետները իրենց վերլուծության մեջ եզրակացրել են, որ Հայաստանի վերջին հինգ տարիների բյուջեները եղել են ոչ իրատեսական եւ ծախսերով գերծանրաբեռնված, իսկ կատարողականը՝ շատ ցածր:
«Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀԲ-ի ծավալուն ուսումնասիրության քննարկումը, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փորձագետներ:

Ըստ փորձագիտական խմբի եզրակացության, հատկապես առողջապահության եւ կրթության ոլորտների խրոնիկ թերֆինանսավորման հետեւանքով տեղի է ունեցել երկրի մարդկային ռեսուրսների քայքայում:

Զեկույցում ուշագրավ համեմատություններ են արված ԱՊՀ անդամ այլ երկրների առողջապահական ծախսերի հետ: Ըստ այդմ, Հայաստանում 1 շնչին բաժին ընկնող պետական առողջապահական ծախսերը կազմում են ընդամենը 7 դոլար, մինչդեռ, ասենք, Մոլդովան իր բյուջեից մեկ մարդու հաշվով ծախսում է 36 , Վրաստանը՝ 16, Ղրղզստանը՝ 15, Ղազախստանը՝ 62, Ռուսաստանը՝ 133 դոլար։ Ստացիոնար բուժօգնություն ստացողների ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում վերջին տեղերում է։

Այսօրվա քննարկումից պարզվեց, որ պաշտոնյաների եւ փորձագետների համոզմամբ, բուժսպասարկման ոլորտում իրավիճակը կշտկվի ու բուժումը կդառնա մատչելի, եթե շուտափույթ ներդվի պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը:

Պետական առողջապահական գործակալության տնօրեն Արա Տեր- Գրիգորյանը, շեշտեց, որ պետպատվերով բժշկությունը հասցեատերերին չի հասնում:Համաշխարհային բանկի փորձագետները եզրակացրել են, որ պետպատվերից դուրս մարդիկ բժիշկներին վճարում են բուժման ընդհանուր ծախսերի 55 տոկոսը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանի գնահատականներով, ավելին՝ մարդիկ իրենց գրպանից վճարում են առողջապահական ծախսերի մինչեւ 70 տոկոսը: Պետպատվերով հիվանդանոցներին ու պոլիկլինիկաներին փոխանցված 30 տոկոս գումարը հասցեատիրոջը չի հասնում, այլ հաշվանցումներով անցնում է կոմունալ ծախսերի վճարմանը կամ հասնում է միայն գլխավոր բժշկին: «Այդ պատճառով, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը այլընտրանք չունի», - համոզված է փորձագետը.

Մինչդեռ, Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեւ Ֆրենկմանի համոզմամբ, մեր պայմաններում առավել նախընտրելի է առողջապահության ֆինանսավորման գործող համակարգի պահպանումը, սակայն, զգալիորեն ավելացնելով այդ բնագավառին հատկացվող գումարները.

«Կառավարությունը պետք է վերաբաշխի միջոցները հօգուտ առողջապահության ոլորտի։ Եթե նա ի վիճակի չէ, վերաբաշխել այդ փողերը,անպայման պետք է ավելի շատ հարկեր հավաքի, ու հավելյալ փողերը նպատակաուղղի առողջապահությանը, - ասաց Ֆրենկմանը եւ հավելեց, - տպավորություն է ստեղծվում, թե ոչ ոք չի կամենում դրանով զբաղվել, ոչ ոք պատրաստ չէ ավելի շատ հարկեր հավաքել, պայքարել հարկերի բարձրացման համար, ու դրանք վերաբաշխել հոգուտ առողջապահության»։

Ի դեպ, ԱՊՀ անդամ երկրների շարքում հարկերի հավաքման մակարդակով եւս Հայաստանը վերջին տեղում է։ Համաշխարհային բանկի փորձագետները առաջարկել են կառավարությանը առաջիկա 2-3 տարիներին հարկահավաքման մակարդակը ներկայիս Համախառն ներքին արդյունքի 15 տոկոսից հասցնել 20 տոկոսի, իսկ բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչեւ ՀՆԱ-ի 3,5 տոկոսը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG