Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթում այսօր ներկայացված են մոսկովյան «Պանորամա» տեղեկատվական- փորձագիտական կենտրոնի հերթական հարցման արդյունքները, թե սեպտեմբերի կեսի դրությամբ ովքեր են Հայաստանի ամենաազդեցիկ գործիչները: Ըստ այդմ, «Առաջին երեք հորիզոնականները անփոփոխ զբաղեցնում են նախագահ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Մարգարյանը։ Նրանց առավելությունը մյուս գործիչների նկատմամբ խիստ զգալի է»։

Էական տեղաշարժերից է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջին հնգյակում հայտնվելը, առանձնանում են նաեւ «Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի վերելքը՝ կապված նրա ծավալած բուռն հրապարակային գործունեության հետ, նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի ազդեցության աճը եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հովիկ Աբրահամյանի՝ ցուցակում նկատելի դիրք գրավելը»։

«Գալու է մի պահ, որ ընդդիմությունը եւ դիմությունը կկարողանան միեւնույն սեղանի շուրջ նստել եւ քննարկել ամենակարեւոր հարցերը: - «Առավոտ»-ի թղթակցին ասել է «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, -Պահը կարծես թե շատ մոտ է, սկսվել է, որովհետեւ խաղի կանոնները երկու տարվա մեջ թելադրվեցին նախագահական ընտրությունների համար, եւ այս տարիների ընթացքում, բացի գործող նախագահից, յուրովի նախագահի թեկնածու չառաջացավ։ ... Օդ ու ջրի պես մեր պետությանն անհրաժեշտ է, որ ընտրությունները լարված չանցնեն, օրինական անցնեն, - շեշտում է Սահակյանը, - Կարծում եմ, այս պարագայում հնարավոր կլինի ըննդիմության հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել: Կարծում եմ, հնարավոր կլինի նաեւ իշխանության մոլուցքները մի փոքր թոթափել»:

Դաշնակցության ղեկավարներից Վահան Հովհաննիսյանի հայացքը իրավիճակին պակաս միանշանակ է: «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում նա ասում է. «Եթե ընդդիմությունն ուզում է հաղթանակել ընտրություններում, պիտի դա անի արդար ճանապարհով, առանց հիստերիայի, լուրջ հարցեր առաջ քաշելով: Իսկ եթե գործող նախագահն ուզում է մնալ եւ շարունակել իր ծրագրերը իրականացնել եւս 5 տարի, ապա պետք է հույսը դնի ոչ թե ընտրարշավի վրա, այլ ցուցաբերի անհրաժեշտ բարեփոխումներ ացկացնելու քաղաքական կամք, ինչի համար թեկուզ քիչ, բայց ժամանակ դեռ կա»:

«Ընդդիմության մեջ էլ տեսնում եմ առողջ ուժերի, որոնք երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր են առաջ քաշում, բայց, - առանձնացնում է Վահան Հովհաննիսյանը, - դրան զուգահեռ կան կերպարներ, որոնց գործունեությունը կամ վերադարձի ցանկությունը քաղաքական դաշտ ուղղակի անհասկանալի է: Նախկին նախագահ, վարչապետներ ու նախարարներ»:

«Իշխանությունն իր հերթին մեզանում բարդույթավորված է, - ընդգծում է Դաշնակցության ներկայացուցիչը, - Նա պետք է լուրջ գնահատականներ տա երկրի ներքին զարգացումներին եւ, վերջապես, զատի իրեն հասցվող հարվածի առիթը դրա պատճառներից: «Հոկտեմբերի 27»-ը օգտագործվում է իբրեւ առիթ: Մինչդեռ ազգաբնակչության դժգոհության պատճառները սոցիալական արդարության եւ տնտեսական դաշտում հավասար գործունեության հնարավորությունների բացակայությունն է»:

«Որքանո՞վ են մեր ու նախագահի դիրքորոշումները համահունչ եւ ինչպիսի՞ համադրություն կլինի ապագայում, ցույց կտա առաջիկայում կայանալիք ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երագույն ժողովը», - նշում է Վահան Հովհաննիսյանը, չբացառելով, որ Դաշնակցությունը կարող է հանդես գալ եւ սեփական թեկնածուով:

Տարեդարձի առիթով անդրադառնալով 1996 թվականի սեպտեմբերի 25-ի իրադարձություններին, Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում տալիս է հետեւյալ համեմատական գնահատականը. «Քաղաքական առումով ներկա ընդդիմությունն ավելի լավն է եւ օգտակար, իսկ բարոյական առումով պարտավոր եմ ասել, որ նախկին ընդդիմությունը գարշելի էր՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի եւ այլոց»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հերթական անգամ այցելում են տարածաշրջան, եւ «Հայկական Ժամանակ» թերթի մատուցմամբ, մինչ օգոստոսին նախագահների սադարակյան հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը «իր առանձնասենյակում փակված ժամանակ է սպանում», Ալիեւը այս ժամանակը «կարողացավ օգտագործել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի եւ իր երկրի միջեւ առկա բոլոր հարցերը կարգավորելու, Թուրքիայի եւ Վրաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու, Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության սկիզբը դնելու համար»:

Այսպես, ըստ «Հայկական Ժամանակ»-ի, «Ադրբեջանն էլ ավելի մոտեցրեց, այսպես կոչված, գրավյալ-ազատագրված տարածքների վերադարձի հարցի լուծումը: Դա այլեւս ժամանակի հարց է, եւ միայն իրավիճակը կորոշի՝ ինչ ճանապարհով այդ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG