Մատչելիության հղումներ

Ինտերնետային կապի մատակարարների իրավական պայքարը շարունակվում է


Հոկտեմբերի 2-ին տնտեսական դատարանում է լսվելու «Սոֆթնոտայի» հայցն ընդդեմ «ԱրմենՏել»-ի:

«ԱրմենՏելն» արդեն ունի Ինտերնետ կապի իր մատակարարը՝ «ԱրմենՍելը»: Մյուս մատակարարները դրանով են պայմանավորում, որ այս ամառ «ԱրմենՏելն» անջատել է Ինտերնետային կապի ոչ այնքան խոշոր մատակարար «Սոֆթնոտա»-ի հինգ հեռախոսագծերը եւ մեկ ուղիղ գիծը: Ապա «ԱրմենՏել»-ի Երեւանի կենտրոնական շրջանի պետը նամակներ է հղել իրավաբանական ու ֆիզիկական աձանց, որոնց տանիքներով անցնում են այս ընկերության կապուղիները, դրանք անվանելով անօրինական, առաջարկել է երեք օրվա ընթացքում անջատել:

Ինտերնետային կապի ամենախոշոր մատակարարներից մեկից՝ «Արմինկոյից» որոշակի լուրեր դեռեւս չկան, իսկ առավել մանր ընկերություններից «Հայհամակարգիչը» եւ «Սոֆթնոտան» դատական ընթացքների մեջ են:

Այս առիթով երկրի գլխավոր դատախազություն դիմած «Սոֆթնոտայի» շահերի ներկայացուցիչ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանին եւ «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում ասաց, որ իրենք քրեական օրենսգրքի մոտ տասը կետի խախտում են արձանագրել «ԱրմենԹել»-ի նման գործողություններում՝ սկսած պաշտոնեական դիրքի չարաշահումից: Պրն Դարբինյանի պնդմամբ, փաստարկը, թե «ԱրմենՏել»-ը հեռահաղորդակցության ոլորտում միակ լիցենզավորված օպերատրոն է՝ «բացարձակ խաբեություն է»:

Նրա խոսքերով, մի շարք մատակարարներ ունեն նույն կարգի լիցենզիա իրենց գործունեությա համար, որը ոչնչով չի տարբերվում «ԱրմենՏելի» լիցենզիայից:

Մինչ գլխավոր դատախազությունից պաշտոնական պատասխան ստանալու ժամկետներն ավարտվել են, ընկերության շահերի ներկայացուցիչն դատախազությունից պարզել է, որ անջատումների հրահանգը տրվել է «ԱրմենՏելի» գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասի կողմից: Պարզել են նաեւ, որ գործադիր տնօրենը արգելել է իր ենթականերին ներկայանալ դատախազություն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG