Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հայերի նկատմամբ բռնարարքները շարունակվում են


Ռուսաստանի հարավում՝ Կրասնոդարի երկրամասում, ուր շուրջ կես միլիոն հայ է բնակվում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Անցած շաբաթ տեղի ունեցավ եւս մի հարձակում Կրասնոդարի հայերի դեմ Սլավյանս նա Կուբանի քաղաքում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ դեպքի մանրամասները ներկայացնում է Կրասնոդարի «Երկրամաս» հայկական թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վիկտոր Ստեփանյանը: Նրա խոսքերով, սեպտեմբերի 14-ին երեկոյան քաղաքում տեղի են ունեցել անկարգություններ հայկական բնակչության դեմ: 15-16 տարեկան մոտ 300 երիտասարդներ, որոնց մեջ եղել են նաեւ մեծահասակներ, ավերել են հայկական խանութներն ու սրճարանները: Ամբոխը ծեծի է ենթարկել պատահած բոլոր հայերին: Սլավյանսկ նա Կուբանի քաղաքում վերջերս բացված հայկական եկեղեցին, ըստ Ստեփանյանի, չի վնասվել, քանի որ քաղաքի հայությունը շրջապատել է այն: Կան վիրավորված հայեր, մի քանիսը ջարդվածքներով հիվանդանոցում են:

Կրասնոդարի երկրամասի նահանգապետը հայկական պատվիրակության ներկայացուիչներին խոստացել էր կարգավորել վիճակը, կանխարգելել անկարգությունները: Սակայն Վիկտոր Ստեփանյանի փոխանցմամբ, որչինչ չի փոխվել, ընդհանուր իրավիճակը երկրամասում, նրա խոսքերով, ավելի է լարվում՝ նկատի ունենալով նոյեմբերի վերջին սպասվող ընտրությունները, որոնց պատրաստվում են առաջադրվել նաեւ հայերը:

Զրուցակիցը նշեց, որ անկարգություններից տուժել է նաեւ «Երկրամաս» թերթի խմբագրությունը: Գիշերը անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն եւ թալանել: Այդ առթիվ նույնպես քրեական գործ է հարուցվել, բայց Վիկտոր Ստեփանյանը հույս չունի, թե դա օգուտ կտա, քանի որ նախկինում ձերբակալվածները ազատ են արձակվել առանց պատասխանատվություն կրելու:

Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ այս հարցով դիմել է Ռուսաստանին, սակայն առայժմ պաշտոնական Երեւանի խնդրանքները մնացել են անարձագանք:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ այս օրերին մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանին, այս հարցի անչությամբ «Ազատություն» ռաիոկայանին ասաց, որ մանրամասներին ծանոթ չէ, իսկ ընդհանուր մտահոգիչ երեւույթի մասին. «չեմ ուզում հավատալ, թե այդ դեպքերի հետեւում, որեւէ կազմակերպված նախաձեռնություն կա, - ասաց նախարարը, - Սա պետության մեղքը չէ, չեմ ուզում հավատալ, թե պետությունը այստեղ լուրջ մաս ունի», - այսպիսի համոզմունք հայտնեց արտգործնախարարը՝ ավելացնելով, թե անկարգությունները անհատների նախաձեռնություններ են: -«Ռուսաստանի իշխանությունները նույնպես մտահոգված են»:
Վարդան Օսկանյանը նկատեց նաեւ, որ դիվանագիտական խողովակներով աշխատանքները շարունակվում են:

Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG