Մատչելիության հղումներ

Այս տարի Արցախ է այցելել 831 զբոսաշրջիկ


Վերջին մի քանի տարիներին ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Արցախ: Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության հյուպատոս Լիդիա Գեւորգյանի խոսքերով, միայն 2001-ի ընթացքում արտասահմանյան քաղաքացիներին տրվել է 1000-ից ավելի մուտքի արտոնագիր: Այդ թվում ընդգրկված չեն հումանիտար, գործարար, քաղաքական, հետազոտական նպատակներով այցելած հարյուրավոր մարդիկ, ովքեր ԼՂՀ արտաքին գործերի նախարարի կարգադրությամբ ազատ մուտքի թույլտվություն ունեն:

ԼՂՀ մուտքի արտոնագրից մշտապես ազատվում են Հայաստանում ու սփյուռքում գրանցված երիտասարդական, մշակութային կազմակերպությունները, ինչպես նաեւ Հայաստանի ե ԱՊՀ տարածքի քաղաքացիները:

Այս տարվա սեպտեմբերի 15-ի դրությամբ Արցախ է այցելել 831 մարդ: Ըստ Լիդիա Գեւորգյանի, եղել են դեպքեր, երբ օրական 50 մարդու տրվել է ԼՂՀ մուտքի արտոնագիր: Այցելությունները հատկապես շատանում են ամռանը, լինում են նաեւ կրկնակի այցելության դեպքեր:

Այցելուների մեծ մասը սփյուռքահայ զբոսաշրջիկներ են, իհարկե, կան նաեւ օտարերկրացիներ: Լիդիա Գեւորգյանի խոսքերով, աշխարհի տարբեր անկյուններից գալիս են՝ անգամ Ճապոնիայից, Չինաստանից, Աֆրիկայից, Հնդկաստանից եւ այլն: Ընդ որում, հյուպատոսի դիտարկումներով, այս այցելուներից շատերը ոչ թե համատեղում են Արցախ մեկնելը Հայաստան կատարած այցելության հետ, այլ հատուկ գալիս են Արցախը տեսնելու:

«Նրանք Արցախի մասին ավելին գիտեն, քան ես պատկերացնում էի», - ասում է Լիդիա Գեւորգյանը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG