Մատչելիության հղումներ

Եղանակը շարունակում Է վնասել գյուղատնտեսությանը


Գյուղատնտեսության նախարարության գնահատմամբ, մինչեւ օգոստոսի սկիզբը Հայաստանի գյուղատնտեսությունը կրել է շուրջ 14 մլրդ դրամի վնաս: Ընդ որում, գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով, այդ թիվը դեռեւս կավելանա, քանի որ օգոստոսի ընթացքում տարբեր մարզերում եղել են լուրջ կարկտահարման դեպքեր:

Այս տարի Հայաստանում վնասվել է 71 հազար հեկտար մշակովի հողատարածք, եւ մոտ 500 գյուղացիական համայնք հայտնվել է ծանր կացության մեջ:

«Միրգը քիչ է», - ասաց Պետրոսյանը, - «բայց էլի մխիթարություն է, որ կարտոֆիլ շատ կունենանք»: Ներկայումս արդեն բարձրադիր գոտում սկսվում է կարտոֆիլի բերքահավաքը, եւ ակնկալվում է, որ այս տարի այդ մշակաբույսը անցած տարվա համեմատ 60-70 հազար տոննայով ավելի կլինի:

Վերջին 5-6 տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի գյուղատնտեսությունը տարբեր կարգի աղետներից ամեն տարի կրում է 13-15 մլրդ դրամի վնաս, այնպես որ այս տարվա վնասը դեռեւս այս շրջանակներում է: Ըստ վարչության պետի կանխատեսման, 2002 թվականի պետական բյուջեն գյուղատնտեսության համար փոխհատուցման հնարավորություններ չունի, եւ ոչ էլ մյուս տարվա բյուջեում կնախատեսվի այդպիսի փոխհատուցում:

Ըստ բուսաբուծության վարչության պետի, թեեւ պարարտանյութը եւ սերմացուն թանկ չեն, գյուղացիները շարունակում են բողոքել: Պատճառն այն է, որ նրանք ուղղակի անվճարունակ են եւ չեն կարողանում օգտվել գյուղատնտեսության զարգացման եղած հնարավորություներից:

Վերամշակող ընկերությունները եւ գյուղմթերք վերավաճառողները չարաշահում են գյուղացու անվճարունակությունը: Լոլիկն, օրինակ, մթերվում է մեկ կիլոգրամը ընդամենը 15-20 դրամով, խաղողն ընդունում են 40-60 դրամով, մինչդեռ դրանց շուկայական գինը համապատասխանաբար 50-100 եւ 150-300 դրամ է:

Սակայն բուսաբուծության վարչության պետը լավատես է, եւ գյուղմթերքների շուկայում ձմռանը գների մեծ շեղումներ չի կանխատեսում. - «Ես միանշանակ պնդում եմ, որ բանջարեղենը՝ կարտոֆիլը թանկ չեն լինի: Բայց, իհարկե, պտուղների, մրգերի գները որոշ չափով բարձր կլինեն»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG