Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ի մի բերելով աշխարհի երթը սեպտեմբերի 11-ից հետո, «Օրրան» թերթի մեկնաբանը նշում է. - «Աշխարհը դարձավ ավելի զգույշ ահաբեկչության հանդեպ, թերեւս առաջին անգամ սթափ գիտակցելով դրա կործանարար հետեւանքները: Այնուամենայնիվ, ահաբեկչությունը ողջ աշխարհում շարունակում է իր «սեւ գործը» եւ կհարատեւի այնքան ժամանակ, քանի դեռ առկա են ազգային-տարածաշրջանային չլուծված հիմնախնդիրները, զինված հակամարտությունները, հիմնականում՝ գերտերությունների շահերից բխող «տեղային» պատերազմական գործողությունները, աշխարհը բաժանելու ու վերաբաժանելու անհագ ձգտումները»: «Հայոց Աշխարհ» թերթում էլ ընդգծված է. «Սեպտեմբերի 11-ից հետո առաջ քաշված «գլոբալ մարտահրավերներին՝ գլոբալ պատասխաններ» կոնցեպցիան, որը աֆղանական ռազմարշավի գաղափարախոսությունն էր, լիովին փլուզվել է: Սակայն միացյալ ռազմարշավի ձախողումը ամենեւին էլ չի վկայում այն մասին, որ սեպտեմբերի 11-ից հետո մարդկության պատմության մեջ սկիզբ առած նոր դարաշրջանի վերաբերյալ եզրահանգումները սովորական բլեֆ էին: Իրականում աշխարհն իսկապես փոխվել է: Ուղղակի այդ փոփոխության բուն պատճառը բոլորովին այլ հարթության վրա է: Այդ մեծ փոփոխության եւ դրանով սկիզբ առած նոր դարաշրջանի էությունը ոչ թե միջազգային ահաբեկչություն կոչվող սպառնալիքների մեջ է, այլ տնտեսական ուժի հիմնական կենտրոնների աշխարհագրության ու ներքին բովանդակության դանդաղ, բայց հետեւողական տեղաշարժի դինամիկայի մեջ՝ իր ֆինանսական բաղադրիչով հիմնականում դեպի Եվրոպա, նյութական հարստության բաղադրիչներով՝ դեպի Հեռավոր Արեւելք, առաջին հերթին՝ Չինաստան»: Եվ, ըստ թերթի՝ նման պայմաններում իր ոտքի տակ եղած ամերիկյան ամենադինամիկ տնտեսության ենթահողը կորցնող անդրազգային կապիտալի հայրերը անընդհատ նորանոր սեպտեմբերի 11-երի կարիք են զգում՝ իրենց ձեռքից դուրս պրծնող աշխարհը կրկին բռան մեջ հավաքելու համար:

«Ահաբեկչությունը արմատներ կունենա այնքան ժամանակ, որքան մենք սրտանց, անկեղծորեն այն չենք դատապարտում», - շեշտում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Ընդ որում, պիտի դատապարտենք ոչ միայն այն ժամանակ, երբ ահաբեկչությունը մեր դեմ է գործված, այլեւ այն դեպքում, երբ ահաբեկիչը «մեր կողմից» էր: Ահաբեկչությունը չի վերանա այնքան ժամանակ, որքան մենք առօրյա կյանքում կփորձենք մեր ճշմարտությունը, առավել եւս՝ մեր բարդույթները, նախապաշարումներն ու կրքերը որեւէ մեկի վզին փաթաթել բռնության կամ շանտաժի միջոցով... Մինչեւ որ մենք չհամոզվենք, որ այս կամ այն ճշմարտության կամ գաղափարի պատճառով չի կարելի որեւէ մեկին որեւէ վնաս տալ: Ահաբեկչության արմատները մեր՝ յուրաքանչյուրիս սրտում են»:

Ուղիղ մեկ տարի առաջ նռնակի պայթյունից զոհվեց վարչապետի գլխավոր խորհրդական, վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: «Դա, մեր խորին համոզմամբ, կազմակերպված հանցավորության կողմից պետությանը նետված հերթական ձեռնոց-մարտահրավեր էր», - գնահատում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Բայց պետությունը, փաստորեն, հանդուրժեց, կուլ տվեց պայթեցված նռնակի ապտակը»: Գագիկ Պողոսյանը անցյալ ամռանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասում էր. - «Ովքե՞ր եւ որտեղի՞ց էին սկսելու պայքարը կոռուպցիայի դեմ, երբ բոլոր օղակներում այն կա: Գումարած՝ հովանավորվող պաշտոնյաների հսկայական բանակը: Դրանց դեմ պայքարելու համար պետք են նո'ր մոտեցումներ, նո'ր մեխանիզմներ, արմատական համապարփակ բարեփոխումներ: Բայց, առաջին հերթին, կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է ցանկություն կամ քաղաքական կամք եւ օրենքի դիկտատուրա»: «Այս մեկ տարում էլ, սակայն, ոչինչ չի փոխվել», - արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթը պայթյուն է կանխատեսում ընդդիմադիր 16 կազմակերպությունների միավորման մեջ՝ նշելով, որ ամենաընդդիմադիրի համբավ ունեցող Արտաշես Գեղամյանը հետեւողականորեն ընթանում է այն կարծիքը հիմնավորելու ուղղությամբ, որ ինքը ընդդիմության շարքերում տեղադրված ական է. «Շուրջ մեկ տարի առաջ Գեղամյանը, փաստորեն, սեպարատ դուրս եկավ եռյակի դաշինքից, այսպիսով լուծարելով այդ պահի ամենագործուն ընդդիմադիր ուժը: Իսկ հիմա նույն Գեղամյանը 16-ի նորաստեղծ ֆորմատը կանգնեցրել է պայթեցման նախաշեմին: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Ազգային միաբանությունը» 16-ի առաջ պայման է դրել. կամ Գեղամյանն է դառնում ընդդիմության միասնական թեկնածու, կամ էլ «Ազգային միաբանություն»-ը դուրս է գալիս 16-ի ֆորմատից: Սա երեկ հաստատեցին 16-ի ֆորմատի կուսակցությունների տարբեր ներկայացուցիչներ, որոնք, սակայն, շատ էին ուզում, որ մամուլը դեռ նման բան չհրապարակի», - փոխանցում է «Հայկական Ժամանակ»-ը: Ինքը Գեղամյանը այս ամենը առայժմ չի մեկնաբանում՝ ընդամենը արձագանքելով. «Մեր կուսակցությունն այսօր ստորագրել է 16- ի միասնական կանոնադրության տակ, եւ այդպիսով բոլոր այդ խոսակցությունները ջրվում են»: Նույն 16-ից Հայկոմկուսի ներկայացուցիչ պատգամավոր Նորիկ Պետրոսյանն էլ, ի դեպ, թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ իրենք միասնական թեկնածուի շուրջ բանակցելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ կոմկուսը սեփական թեկնածու ունի:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG