Մատչելիության հղումներ

Սկսվեց խորհրդարանի հերթական նստաշրջանը





Երկուշաբթի օրը բացված Հայաստանի Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի առաջին նիստում նախագահ Քոչարյանի պաշտոնանկությունը պահանջող նախագիծը քննարկման դնելու նպատակով ամբիոնը գրավելու փորձ չեղավ: Նախագիծը օրակարգում ընդգրկելուն կողմնակից պատգամավորները բոյկոտեցին սկսված նստաշրջանի օրակարգի հետ կապված քննարկումները, ինչը, սակայն, չխանգարեց, որ քվորումը հաղթահարվի եւ նախատեսված օրակարգը քննարկվի:

Հարցն օրակարգում ընդգրկված չտեսնելով, նախաձեռնության աջակիցներն օրակարգին վերաբերող քվեարկությունների ժամանակ դուրս եկան դահլիճից՝ փաստարկելով, թե միայն նախաձեռնության հեղինակի խնդրանքով կարող է հարցն օրակարգից հանվել. հեղինակը նման բան չի խնդրել, ուստի խախտվել է կանոնակարգը: Հակառակ կողմը, սակայն, պնդում է, թե հարցն ընդհանրապես օրակարգում չի եղել, հետեւաբար չկա որեւէ խախտում:

«Սա քաղաքական որոշում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) ղեկավար անդամ, պատգամավոր Վարդան Մկրտչյանը՝ հավաստիացնելով, թե ընդդիմադիր 16 կուսակցությունները Ազգային ժողովում ներկայացնող 28 (իր հաշվարկով) պատգամավորները նման խնդիրներ առաջանալու դեպքում դարձյալ «նման քաղաքական որոշում կկայացնեն»:

Առաջիկա նստաշրջանի հարցերը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը: Այդ ընթացքում վեճ ծավալվեց նիստերի դահլիճի ու հարակից միջանցքների հսկողության նորամուծության շուրջ: Խնդիրն այն է, որ թվակազմով մի քանի անգամ մեծացած ծառայությունն իրականացնում են առանց ուսադիրների, միանման կապույտ վերնաշապիկներով ու սեւ փողկապներով անձինք:

Կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի փաստարկին, թե առանց համազգեստի այդ մարդիկ պարզ չէ, թե ում են ենթակա՝ ներքին գործերի նախարարությա՞նը, թե՞ Ազգային ժողովին, Արմեն Խաչատրյանը հակափաստարկեց, թե այդ մարդիկ «մեր անվտանգությունն ապահովող մարմինն են»:

Քիչ թե շատ սպառիչ պատասխանի արժանացավ Ագրոարդյունաբերողների խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը, որի հարցին, թե Ազգային ժողովի տարածքում իրավիճակը ում կողմից է վերահսկվում՝ Ազգային ժողովի նախագահի՞, թե՞ ներքին գործերի նախարարի կողմից», Արմեն Խաչատրյանը պատասխանեց, թե «ոչինչ չի ավելացել»՝ տարիներ շարունակ Ազգային ժողովը պայմանագիր է կնքել ներքին գործերի նախարարության հետ, եւ վերջինս «համապատասխան ծառայություն է իրականացնում» ԱԺ տարածքում:

Միջանցքներում, այդուհանդերձ, շշուկներ կային, թե ներքին գործերի նախարարության ոստիկանների հետ մեկտեղ կարգը հսկողների մեջ նաեւ ազգային անվտանգության աշխատակիցներ կան. դրա համար էլ հագուստը նույնացրել են:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG