Մատչելիության հղումներ

«Աբովյան» հեռուստաընկերության միջադեպը շարունակություն է ստանում


Արդեն հասարակական հնչեղություն ստացած եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ուշադրությունը գրաված՝ օգոստոսի 24-ին «Աբովյան» հեռուստաընկերությունում տեղի ունեցած միջադեպը, որի կապակցությամբ արդեն քրեական գործ է հարուցված, երեկ իր շարունակությունն է ունեցել:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի տեղեկացմամբ, երեկ «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը ահազանգել է, որ ինչ-որ երիտասարդ տղամարդիկ շրջապատել են հեռուստատեսության շենքը, եւ ինքն ու հեռուստատեսության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը թաքնված են եւ վախենում են դուրս: Տնօրենը օգնություն է խնդրել լրագրողական միություններից:

Այսօր արդեն նոր տեղեկություն է ստացվել Ազնիվ Չիզմեչյանից. Արտաշեց Մեհրաբյանին ինչ-որ անձինք տարել են: Որոշ ժամանակ անց Մեհրաբյանը զանգահարել է տնօրենին ու պահանջել դադարեցնել հեռուստատեսության աշխատանքները: Փաստերը, սակայն, դեռեւս ճշտված չեն:

Օգոստոսի 24-ին «Աբովյան» հեռուստախմբագրության գրասենյակ էին ներխուժել 5 անձ, որոնցից մեկը՝ ոմն Նվեր Դավթյան, տնօրենից եւ հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանից տեսաերիզ է պահանջել: Տնօրենի աշխատասենյակում սկսված ծեծկռտուքը շարունակվել է նաեւ աշխատասենյակից դուրս: Հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը վստահություն էր հայտնել, թե այդ ամենի հետեւում կանգնած է Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանը, որի հեռավոր ազգականն է Նվեր Դավթյանը: Կարո Իսրայելյանը, սակայն, թե' միջադեպով հետաքրքրված ու Աբովյան ժամանած Եվրամիության անդամ երկրների դեսպանների ներկայությամբ եւ թե' մամուլում կտրականապես հերքել է, թե որեւէ առնչություն ունի կատարվածի հետ: Ազնիվ Չիզմեչյանի եւ Նվեր Դավթյանի հայտարարությունների հիման վրա տեղի ներքին գործերի մարմինները քրեական գործ են հարուցել:

Այսօր Հայաստանի ժուռնալիստների միության, Երեւանի մամուլի ակումբի, Հետաքննող լրագրողների միության ղեկավարները, ինչպես նաեւ հավաքված մի խումբ լրագրողներ խնդրի վերաբերյալ հանրապետության նախագահի հետ հանդիպելու խնդրանքով դիմել են Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանին: Հանդիպման կայանալ-չկայանալու մասին տեղեկություններ առայժմ չկան: Հասմիկ Պետրոսյանը փորձել է Աբովյանի քաղաքապետից, Կոտայքի մարզպետից ու ներքին գործերի բաժնի պետից ճշտել, թե իսկապե՞ս առեւանգվել է Արտաշես Մեհրաբյանը: Պաշտոնյաներն ասել են, թե որեւէ տեղեկություն չունեն:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը բավարարել է «Աբովյան» հեռուստաընկերության ղեկավարության խնդրանքը եւ Աբովյանի ներքին գործերի բաժնում հարուցված քրեական գործը հանձնել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազությանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով, Հայաստանում նրանք, ովքեր «օրինական թե ոչ օրինական, պաշտոնական թե ոչ պաշտոնական» կերպով մեծ իշխանություն ունեն, ավելի մեծ «հաջողությունների» են հասել, քան սիցիլիական մաֆիան, որը «լրագրողներին ձեռք չտալու» հստակ սահմանափակում ունի: Մինչդեռ Հայաստանում, ըստ նրա, լրագրողներն այսօր պաշտպանված չեն իշխանավորների կամայականություններից:

Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը լրագրողական կազմակերպությունները որոշակի քայլեր կնախաձեռնեն: Մանավանդ, որ հատկապես հանրապետության մարզային հեռուստատեսությունների եւ տեղական իշխանությունների միջեւ բախումներ պարբերաբար կատարվում են, ճնշումներ լինում են եւ այսօր որեւէ երաշխիք չկա, որ առաջիկա ընտրական ժամանակաշրջանում լրագրողները պաշտպանված կլինեն նման ոտնձգություններից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG