Մատչելիության հղումներ

Հռոմի պապը մտահոգություն է արտահայտել Իսրայելում եկեղեցապատկան հողերի զավթման կապակցությամբ





Ինչպես հաղորդել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Հովհաննես Պողոս Բ պապը մտահոգություն է արտահայտել Իսրայելի բանակի կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող հողերի զավթման կապակցությամբ:

Հաղորդվում է, որ Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր պետը նամակով իր մտահոգությունն է հայտնել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին՝ տեղեկացնելով, որ հանձնարարական է տրվել Վատիկանի արտաքին գործոց գրասենյակին` դիմելու Իսրայելի կառավարությանը՝ «Պարոն Տեր» կալվածքի շուրջ ծագած խնդրի արդարացի լուծման համար:

«Հուսով եմ, որ բարի կամքի եւ փոխադարձ հարգանքի ոգով հնարավոր է այս ցավալի իրավիճակից լուծում գտնել, որով կպահպանվի Երուսաղեմի հնագույն Հայոց Պատրիարքությունը եւ այսպիսով՝ կկանխվի եւս մեկ հարված ուղղված քրիստոնեության առկայությանը Սուրբ քաղաքում», - նշել է Հովհաննես Պողոս Բ պապը իր նամակում:

Նամակը ստացվել է ի պատասխան Գարեգին Բ կաթողիկոսի՝ քույր եկեղեցիների հովվապետերին առաքած գրության՝ «կապված Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկանող «Պարոն Տեր» կալվածքի շուրջ ծագած խնդիրներին»: Կալվածքը Հայոց Պատրիարքությանն է պատկանում ավելի քան 400 տարի: Անցած գարնանը իսրայելական բանակը զավթել է այն՝ Իսրայելի եւ Պաղեստինի տարածքների միջեւ կառուցվելիք անվտանգության պատի մի հատվածը «Պարոն Տեր» կալվածքով անցկացնելու մտադրությամբ:

Դա դժգոհության ալիք է բարձրացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հայցով դիմել է Իսրայելի Գերագույն դատարան: Վերջինս դեռեւս վերջնական վճիռ չի ընդունել:

Պատրիարքությունն ու իսրայելական զինվորականները ներկայումս բանակցություններ են վարում՝ փոխընդունելի լուծում գտնելու նպատակով: Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը Ամերիկայի հայկական համագումարին անցած շաբաթ ասել է, որ զինվորականները համաձայնել են անվտանգության պատը կառուցել ոչ թե կալվածքի կենտրոնով, այլ դրա հարավային սահմանի երկայնքով: Կողմերը, սակայն, դեռ համաձայնեցնելու հարցեր ունեն՝ ներառյալ կալվածքին հասցված վնասի փոխհատուցումը:

Երեքշաբթի օրը «Բոստոն Գլոուբ» թերթը հաղորդել է, որ իսրայելցի զինվորականները արդեն փորել են ապագա պատի հիմքը, որի երկայքով ճանապարհ են անցկացրել: Արմատախիլ են արվել կալվածքում աճող 1900 ձիթենիներից 300-ը: Թերթը մեջբերել է Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակ Աշկենազիին, թե «բանակը շտապել է»: Նա վստահեցրել է, թե կալվածքի կենտրոնում «ամեն բան կվերականգնվի»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG