Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հավաստմամբ, այժմ, երբ յուրաքանչյուր քաղաքացի պարզորոշ կերպով տեղեկացած կլինի, թե միավորված ընդդիմության ծրագրի յուրաքանչյուր հիմնադրույթի կատարման դեպքում ինքը եւ իր ընտանիքի անդամները ինչ դրական տեղաշարժ կունենան, կամ ինքը ինչ դերակատարում կունենա իր կյանքը բարելավելու գործում, կլուծվի մեր պետության ամենավտանգավոր խնդիրը. կհաղթահարվի անտարբերությունը եւ անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Ընդ որում, Գեղամյանի կարծիքով, այդ ծրագրում եղած հիմնադրույթները հոգեհարազատ կլինեն թե' ազատական, թե' համայնավարական քաղաքականություն քարոզող կուսակցություններին: «Դա սոցիալական-շուկայական տնտեսության մոդելն է», - մատնանշում է նա «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում: - «Ներկայիս համաշխարհային զարգացումները խիստ պայմանական են դարձրել քաղաքական ուժերի բաժանումը աջերի, ձախերի եւ կենտրոնամետերի: Այստեղ անհրաժեշտ է տեսնել մեկ ուրիշ վտանգ: Ներկայիս վարչակարգը կանի բազմաթիվ փորձեր՝ միավորման ներսում նման անպտուղ քննարկումներ ծավալելու համար, միավորման մաս կազմող կուսակցությունների ուժերը գուցեեւ արդիական հնչեղություն ունեցող խնդիրների վրա փոշիացնելու համար՝ դրանով իսկ միավորմանը շեղելով բուն նպատակից՝ Քոչարյանի վարչակազմի հեռացումից»:

Մյուս կողմից, ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական պլանավորման պատասխանատու Տիգրան Հակոբյանի հայացքով էլ, այս դաշինքը եւս ապագա չունի: «Միավորման մեջ եղանակ են ստեղծելու ձախ կամ պոպուլիստական լիդերները», - ասում է նա «Առավոտ» թերթի հարցազրույցում: - «Ցավոք, միավորման մեջ ընդգրկված լուրջ կուսակցությունների առաջնորդները (նկատի ունեմ ՀԺԿ-ն, «Հանրապետությունը», «Ազգային միաբանությունը») չեն ցանկանում հասկանալ, որ քանակը որակ չի ստեղծում, բայց լայնացնում է քաղաքական ինտրիգների, շահարկումների, փլուզման վտանգների դաշտը»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի գծագրմամբ, ներկայումս քաղաքական դաշտում ստեղծվել է ուժերի աննախադեպ բեւեռացման վրա հիմնված մի եռանկյունաձեւ խաղատախտակ՝ ի դեմս իշխանության, 16-ի միության եւ ՀՀՇ-ի: Իսկ առայժմ խաղից դուրս մնացածների շարքում, ըստ մեկնաբանի, առավել հետաքրքրական եւ ինչ-որ առումով խորհրդավորության քողով ծածկված դեմքերը երկուսն են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը իր նոր դերի մեջ... Արդյո՞ք ի վիճակի է խաղալ ինքնուրույն դեր, թե՞ պարզապես կզբաղեցնի ՀՀՇ-ի ու նրա արբանյակների կողմից իրեն վերապահված տեղը». բազմաթիվ հարցականների կողքին «Հայոց Աշխարհ»-ը առայժմ ամրագրել է. «Րաֆֆի Հովհաննիսյանը խաղալու է ընդդիմության դաշտում, բայց ի տարբերություն 16-ի միության ապագա առաջնորդի կամ ՀՀՇ-ի հավանական թեկնածուներից որեւէ մեկի, փորձելու է ինտեգրող ու գաղափարականացնող դեր խաղալ քաղաքական պայքարի մեջ: Իսկ Արա Աբրահանյանի պարագայում խնդիրն ավելի բարդ է: Վերջինս Հայաստանի քաղաքական դաշտում առայժն որեւէ հենարան կամ աջակից չունի: Բայց մեծ ֆինանսական հնարավորությունների եւ Մոսկվայում ունեցած կապերի շնորհիվ կարող է լուրջ դերակատարություն ունենալ՝ համագործակցելով ե'ւ իշխանության, ե'ւ ընդդիմության մի թեւի՝ 16 կուսակցությունների միության հետ: Սակայն նա կարող է դառնալ նաեւ քաղաքական ուժերի նոր, լիովին ինքնուրույն բեւեռի առանցքային դեմքը», - ամփոփված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Այսօր մեզ ամենից շատ հայրենիք է պետք», - ասում է Հրանտ Մաթեւոսյանը «Օրրան» թերթի հարցազրույցում: - «Երկիրը դատարկվել է Հայրենիքից: Երկիրն ամայացել է: Հայրենիք չկա: Չարենցյան տողերով՝ «Հրացանների որոտով մենք Հայրենիք էինք ուզում, իսկ Հայրենիքը փախչում էր այդ որոտից»: «Տասնամյակի իրականությունը դեռ քաղաքական միտք չի մտել», - արձանագրում է Հրանտ Մաթեւոսյանը: - «Խուսափել են: Տարբեր ճանապարհներով են գնացել: Մեր միտքը մակաբույծ է եղել, իրողությունն իր համար առանձին է գնացել: Իրականության վերլուծություն այդպես էլ չի կատարվել, եւ այդ ամենը քաղաքական մտքի բաղադրիչ եւ ըստ այդմ՝ կառուցման կամ վերակառուցման ծրագիր չի դարձել»: Մեկ մեջբերում եւս. « Պատվախնդրություն չունեցանք: Հայրենիքի պատվախնդրություն... Պատերազմի ժամանակ բերած ռազմավարը վերցնես ու տաս գերմանացիներին՝ ամբողջ գրադարանը, Էջմիածնի խճուղին հանձնես ամերիկացիներին՝ թող դեսպանատուն կառուցեն, կոնյակի գործարանը տաս, օդանավակայանդ տաս: Գյադայություն կա այս ամենի մեջ: Եթե տղամարդ եղանք, էս ամբողջից վաղը հնարավոր է հեղաշրջում լինի, ու էս ամբողջ օտարված երկիրը ազգայնացնեն», - ակնարկում է Հրանտ Մաթեւոսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG