Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը թերահավատ է, թե ընդդիմությունը համաձայնության կգա միասնական թեկնածուի հարցում


Իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) ղեկավար անդամ եւ խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը թերահավատ է, թե ժողովրդահայրենասիրական միավորումը կազմած 16 ընդդիմադիր ուժերը համաձայնության կգան միասնական ծրագրի եւ նախագահի միասնական թեկնածուի շուրջ՝ «խառնիճաղանջ ու անորոշ» որակելով նորաստեղծ միավորումը:

Իսկ «Միասնություն» խմբակցության իշխանամետ թեւը նախապատրաստվու՞մ է երկուշաբթի օրը Ազգային ժողովի նստաշրջանն սկսվելուն պես բարիկադավորել խորհրդարանի նիստերի դահլիճի ամբիոնը, եթե ընդդիմադիր պատգամավորները նորից փորձեն գրավել այն: Այս հարցին Սահակյանը պատասխանեց բառացիորեն այսպես. «Նույն բանն է, եթե հարցնեք՝ եթե գժանոցում գիժը գժվում է, զսպաշապիկ հագցնե՞լ, թե՞ չհագցնել»:

Ազգային ժողովի նախորդ նստաշրջանի վերջին նիստերի ժամանակ ընդդիմադիր որոշ պատգամավորներ գրավել էին ամբիոնը՝ պահանջելով օրակարգում ընդգրկել նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը:

Գալուստ Սահակյանը այսօր էլ շեշտեց, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: «Ռոբերտ Քոչարյանի հետ Հանրապետական կուսակցությունը որոշակի պայմանավորվածություններով՝ իսկ դա եղել է ծրագրերի շուրջ, քայլում է առաջ», - ասաց նա:

Ու թեեւ Սահակյանը ասաց, որ ժամանակին Լեւոն Տեր֊Պետրոսյանին պաշտպանել է որպես «մեր անկախ պետության առաջին նախագահի», «ղարաբաղյան խնդրի լուծողի», եւ այսօր էլ հարգում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, այդուհանդերձ բացառեց ՀՀԿ-ի աջակցությունը՝ վերջինիս թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում:

11 հազար անդամ ունեցող Հանրապետական կուսակցությունը սեփական թեկնածու չի առաջադրում, քանի որ, Սահակյանի խոսքերով՝ «պետական խնդիրները ստիպում են այսօր նախագահ Քոչարյանի հետ միասին ճանապարհ գտնել»:

Նա բացառեց, թե ՀՀԿ-ի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը կարող է ազատվել պաշտոնից: «Այսօր որոշակիորեն նման քաղաքական խնդիր չկա, եւ ոչ էլ դրդապատճառներ կան», - ասաց նա՝ Համայնքների միության համագումարում վերջերս հնչած քննադատությունը կառավարության եւ վարչապետի հասցեին որակելով որպես իշխանության մի թեւի կազմակերպած շոու, որն իր նպատակին չհասավ: Սահակյանը հրաժարվեց որոշակիացնել, թե իշխանության հատկապես որ թեւը կամ որ ապարատը նկատի ունի:

Հանրապետական կուսակցությունը ներկայումս ուշադրությունը կենտրոնացնում է տեղական, ապա՝ նախագահի ընտրություններին: Այդ ընթացքում կհստակեցվի թե' դաշտը, թե' խորհրդարանի ընտրությունների հանդեպ դիրքորոշումը: Կուսակցության ղեկավար անդամը մեկ անգամ էլ շեշտեց. - «Մենք պատասխանատու ենք զգալու մեզ ընտրությունների ընթացքի համար»:

Մասնագիտությամբ մանկավարժ, նախկինում դպրոցի տնօրեն Գալուստ Սահակյանը չի ողջունում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանը՝ հանրապետության բոլոր դպրոցներում երկրի նախագահի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմանկարները տեղադրելու մասին: «Նկարներ փակցնելով սերունդների մեջ ոչինչ սերմանել չենք կարող», - ասաց ազգայնական կուսակցության ղեկավար անդամը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG