Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Անցած շաբաթվա կարեւորագույն իրադարձությունը 16 ընդդիմադիր կուսակցությունների միավորումն էր, որը հետագայում կարող է վերաճել նախընտրական դաշինքի»: Այս ընթացքի շրջագծում «Առավոտ»-ի խմբագրականը կենտրոնացրել է. «Թե' անցյալում, թե' հիմա ընդդիմադիր այլանսի ստեղծման սխեման անփոփոխ է՝ դրա հիմքը սոսկ իշխանություններին ընդդիմանալն է: Նախորդ դաշինքներում, ասենք՝ 1996-ի նախագահական ընտրություների ժամանակ, իրարամերժ ուժերը համատեղելի էին: Նրանք կարողացել էին լուծել ամենակարեւոր խնդիրը՝ համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում... Պարզ է, որ այս դաշինքում էլ պայքարելու են ոչ թե լիբերալիզմն ու սոցիալիզմը, այլ մարդկային ամբիցիաները. միավորման ապագան ուղղակիորեն կախված է նրանից՝ կկարողանա՞ն հաղթահարել ներսում եղած տարաձայնություններն ու համաձայնության կգա՞ն ընդհանուր թեկնածուի հարցում: Դաշինքի անդամները սա կարծես թե գիտակցում են: Նոր դաշինքի բնորոշ գիծն է նաեւ այն, որ նրա անդամները փորձում են ընդդիմություն լինել միաժամանակ թե' Քոչարյանի, թե' Տեր-Պետրոսյանի ռեժիմներին», - նշում է «Առավոտ»-ը: - «16 կուսակցությունների միավորումը փաստացի մինչ այդ կիսագործող 13 կուսակցությունների համագործակցության ընդլայնումն էր ընդամենը, ինչն արդեն գոյություն ունեցող միավորման ծրագրերը բովանդակային իմաստով չփոխեց», - գրում է «Առավոտ»-ի մեկնաբանը՝ այս առումով առավել ուշագրավ տեսնելով վերջիններիս ձեւակերպումը, թե պիտի հանդես գան միասնական ծրագրով ու թեկնածուով: Եվ անմիջապես հարց է առաջ գալիս. «Ի՞նչ ծրագիր է իրականացնելու նրանց միասնական թեկնածուն՝ ազատակա՞ն, սոցիալիստակա՞ն...»: Ի վերջո մի հստակ ուղղություն պիտի ընտրվի, բայց ո՞վ կզոհի իր գաղափարախոսությունը: Նույն միավորման անդամներից կոմկուսն, օրինակ, այլընտրանքն այսօր էլ ձեւակերպում է շատ ուղղակի. «Սոցիալի՞զմ, թե՞ կապիտալիզմ, կոմունիստական կուսակցությո՞ւն, թե՞ կուսակցությունների մի ամբողջ հորդա՝ կառչած ժողովրդի արյունը ծծող հարուստների աղտոտ ու արցունքոտ քղանցքներից» («Հայաստանի կոմունիստ»):

Չափորոշիչները, որոնցով պիտի ընտրվի միասնական թեկնածու, դեռ պետք է քննարկվեն-հստակեցվեն, ընդ որում, ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, տարակարծություններ կան եւ որոշիչ թվաբանության դաշտում: Եթե, ասենք, Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ը ընդունելի է համարում «թեկնածուի հարցը միավորումը որոշի պարզ մեծամասնության քվեով», ապա ՀԺԿ-ում հակված են, որ միասնական թեկնածու պետք է ընտրվի «դաշինքի սուբյեկտների ձայների երկու երրորդով կամ կոնսենսուսով»: «Հայոց Աշխարհ» թերթի եւս մեկ վերլուծությամբ, ի դեպ, հենց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանն է ՀՀՇ-ի համար լավագույն տարբերակը: Սա դիտարկվում է հետեւյալ տեսանկյունից. «16 կուսակցությունների միավորումը իր խայտաբղետության եւ քաղաքական հստակ գծի բացակայության պատճառով, գոնե առայժմ խաղում է ոչ թե քաղաքականության սուբյեկտի, այլ օբյեկտի դեր: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական խաղի մյուս մասնակիցները պետք է ամեն ինչ անեն նրան սեփական նպատակներին ծառայեցնելու համար»: Եվ կոնկրետ ՀՀՇ-ին պետք է, որ ընտրությունների արդյունքում ձեւավորվի որքան հնարավոր է թույլ ու խոցելի իշխանություն՝ հետընտրական շրջանում նրա «հարցերը լուծելու» համար:

«Հնարավո՞ր է գտնել քոչարյանամետ 16 քաղաքական կուսակցություն, որոնք կմիավորվեն նրա շուրջ»: Այս շրջանակում «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցումները իշխանական դաշինքի կազմավորման հակվածություն գոնե առայժմ ի հայտ չեն բերում: «Իրավունք» թերթն էլ համադրել է, որ համայնքապետական ընտրություններում ընդդիմության պասիվությունը հանգեցնելու է իշխանության կողմից տեղական լծակների լիակատար վերահսկողության: Մյուս կողմից, սակայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարող են դառնալ իշխանամետ թիմերի պառակտման կատալիզատոր, քանի որ հենց այդ ընտրություններում գերիշխող են դառնում անձերի կամ նեղ խմբերի շահերը: «Հետեւաբար», - բխեցված է «Իրավունք»-ում - «հոկտեմբեր ամսից հետո դժվար թե հնարավոր լինի կազմել միասնական իշխանական թիմ, ինչը, անշուշտ, կթուլացնի Ռոբերտ Քոչարյանի դիրքերը նախագահական ընտրություններում»:

Ընդդիմադիրները չեն մոռացել, որ Ազգային ժողովի նախորդ նստաշրջանում նախագահ Քոչարյանին սպառնացել էին խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստին դարձյալ բարձրացնել վերջինիս պաշտոնանկության հարցը օրակարգում ներառելու խնդիրը: Ինչպես փոխանցում է «Առավոտ»-ը, հիմա քննարկվում է երեք տարբերակ՝ «բոլորն էլ նախատեսված ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կողմից այդ հարցի քննարկումն օրակարգում չներառելու հաստատ որոշման հաշվառմամբ»: Դրանք են՝ ամբիոնը գրավելու, Ազգային Ժողովի նիստերը բոյկոտելու եւ կամ, հաշվի առնելով նախագահական ընտրությունների մոտ լինելը՝ ոչինչ չձեռնարկելու տարբերակները: «Առավոտ»-ի տվյալներով, հենց այս վերջին տարբերակին է հակված միավորման անդամ կուսակցությունների մեծամասնությունը: Ինչից էլ ենթադրվում է. «Քոչարյանին եւ նրա ռեժիմը մերժող «արմատական» ընդդիմությունը՝ ա. խուսափում է իր ականջը քաշված տեսնելու հեռանկարից, բ. դեմ չէ «անգործության» ենթարկված Ազգային ժողովի հնարավոր լուծարմանը, գ. «խելոքացել» է եւ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պարապ հույսեր այլեւս չի փայփայում»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը «Օրրան» թերթի՝ «Ամռանը նախագահի հրաժարականի շուրջ ծավալված իրադարձությունները եւ դրանց հաջորդած նախագահի հայտարարությունները որքանո՞վ են համապատասխանում ժողովրդավարության ճանապարհին գտնվող երկրին» հարցին պատասխանել է. - «Ընդհանրապես, ժողովրդավարության պայմաններից մեկն այն է, որ ժողովուրդը, անհատները հնարավորություն ունենան իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Եթե սա ընդունենք որպես չափանիշ, ապա, իհարկե, Հայաստանը ժողովրդավարական երկիր կարելի է համարել: Բայց կառավարությունը պետք է աշխատի հօգուտ իր քաղաքացիների, եւ, անշուշտ, եթե աշնանը դա չկատարվի, կարելի է ասել, որ երկրում, իսկապես, ժողովրդավարությունը չի իրականանում»: Դեսպանը նաեւ նշում է. - «Հայաստանում դեռ առկա են մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Քանի որ Հայաստանում մի շարք ընտրություններ են սպասվում, լրատվամիջոցների դերը գնալով մեծանում է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG