Մատչելիության հղումներ

Տարածքային կառավարման նախարարը հավաստիացնում է, թե «կազմակերպվելու են արդար ընտրություններ»


Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը անցնող շաբաթ տեղի ունեցած Հայաստանի համայքների միության համագումարում տեղի ունեցածը բնութագրում է որպես մեկ «անլուրջ մարդու» կողմից 7000 մարդու մասնակցությամբ կազմակերպված գործը «ջուրը գցել»:

«Դա անձնական շուո էր ինչ-որ մեկ մարդու, որի անունը չեմ ուզում տալ, քանի որ ինձ պատիվ չի բերում անլուրջ մարդկանց մասին խոսելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նախարարի հիշատակած «անլուրջ մարդը» Համայնքների միության համագումարում նախագահող Էջմիածնի քաղաքապետ Երվանդ Աղվանյանն է, որը նախագահ Քոչարյանի ներկայությամբ կառավարության հասցեին հնչեցրած քննադատության մեջ հիշատակել էր նաեւ Հովիկ Աբրահամյանի անունը:

Օգոստոսի 27-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների միության համագումարի նպատակներն այդպես էլ չհստակեցվեցին, բացի նրանից, որ այդտեղ ունեցած ելույթով նշանավորվեց նախագահ Քոչարյանի քարոզարշավի սկիզբը: Իսկ համագումարում Էջմիածնի քաղաքապետի՝ կառավարության հասցին հնչեցրած քննադատությունը հարուցեց համագումարի բազմաթիվ մասնակիցների խիստ դժգոհությունը:

Համագումարում բազմաթիվ համայնքների ղեկավարներ նաեւ դժգոհություն արտահայտեցին, որ իրենք վճարում են համայնքային հարկերը, իսկ բյուջեից սպասվող դոտացիաները համայնքներին չեն հասնում:

Անդրադառնալով սրան, Հովիկ Աբրահամյանը ասաց, որ նախորդ տարիներին, իրոք, կուտակվել է շուրջ 3 միլիարդ դրամի պարտք համայնքներին: Սակայն ընթացիկ տարում պետությունը, նրա խոսքերով, արդեն փակել է ինը ամսվա գումարը:

Մինչդեռ կան գյուղապետեր եւ համայնքապետեր, որ ընդամենը 10-20 տոկոսով են հավաքում համայնքային հարկերը: Նախարարը ասաց, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող նոր օրենքով, աշխատանքների մեջ թերացող համայնքապետերը աշխատանքից կազատվեն դատարանով:

Անդրադառնալով առաջիկա տեղական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանը ասաց. - «Այս տարի անելու ենք առավելագույնը, որպեսզի լինեն ազնիվ ընտրություներ: Հանրապետության նախագահը, վարչապետը որոշել են, որ ոչ մի միջամտություն չի լինելու, եւ այն չինովնիկը, այն նախարարը, որը կփորձի անօրինական միջամտել ընտրություններին, պատժվելու է»:

«Մենք քաղաքական պատասխանատվություն ենք վերցնում, որ պետք է կազմակերպենք ազնիվ, արդար ընտրություն»,- եզրափակեց տարածքային կառավարման նախարարը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG