Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր 14 կուսակցությունները քաղաքական հայտարարություն են ստորագրել


Ընդդիմադիր կուսակցությունների՝ գրեթե մեկ շաբաթ տեւած բանակցությունները ավարտվեցին: Երեկ ուշ երեկոյան ՀԺԿ-ի գրասենյակում քաղաքական հայտարարության շուրջ վերջնական համաձայնության են եկել 14 կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչներ:

Հայտարարությունը դեռեւս չի հրապարակվել, սակայն «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է դրա ամբողջական տեքստը:

«Միավորումը նպատակաուղղված է վերաճելու նախընտրական դաշինքի եւ նախագահական ընտրություններին (արտահերթ կամ հերթական) մասնակցելու է միասնական թեկնածուով եւ ծրագրով»: Սա է, թերեւս, առանցքը քաղաքական հայտարարության, որ արդեն ստորագրել են «Հանրապետություն» կուսակցությունը, ՀԺԿ-ն (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), «Ազգային միաբանություն»-ը, ՀԿԿ-ն (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), ԱԺՄ-ն (Ազգային ժողովրդավարական միություն), ԱԺԿ-ն (Ազգային ժողովրդավարական կուսակցություն), «Սոցիալիստական Հայաստան» միավորման մեջ ընդգրկված 7 կուսակցություններն ու կազմակերպությունները եւ Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը:

Բանակցություններին մասնակցող ՍԻՄ-ը («Սահմանադրական իրավունք» միությունը) ու ԱԺԴ-ն (Ազգային ժողովրդավարների դաշինք) վերջնականապես կկողմնորոշվեն վաղը՝ հայտարարության տեքստը իրենց կուսակցություններում քննարկելուց հետո:

«Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչախմբի կողմից իրականացվող հանցավոր քաղաքականության հետեւանքով երկրում շարունակում է խորանալ համապարփակ ճգնաժամը: Արհամարհելով պետության եւ ժողովրդի շահերը, վարչախումբն այսօր մտահոգված է միայն մեկ խնդրով՝ ամեն գնով պահպանել եւ վերաարտադրել իր իշխանությունը», - գնահատված է հայտարարության մեջ: Դրա հեղինակները վճռականորեն մերժում են Քոչարյանի եւ նրա վարչախմբի իշխանությունը, իշխանափոխությունը համարում երկրի ու ժողովրդի համար այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտություն եւ միավորվում են՝ «երկրի ապագայի նկատմամբ միասնական պատասխանատվություն ստանձնելու նպատակով»:

Ընդգծված է, որ ընտրությունների ընթացքում պաշտպանելու են ժողովրդի քվեն, վճռականորեն պայքարելու են ընտրակեղծիքների եւ ընտրությունների արդյունքները նենգափոխելու ցանկացած փորձի դեմ:

«Միավորումը բաց է այն ուժերի համար, որոնք պատրաստ են մասնակցելու քաղաքական համախմբման գործընթացին՝ հանուն օրինական իշխանությունների ձեւավորման եւ երկրի կայուն զարգացման», - եզրափակել են հայտարարության հեղինակները:


«Սա քայլ էր ճիշտ ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Հուսով ենք ու նաեւ պետք է աշխատենք, որ հաջորդ քայլերը նույնպես ճիշտ լինեն: Այսօր հստակ հասարակական պահանջ կա, որպեսզի քաղաքական ուժերը միավորվեն: Եվ, հասկանալով դա, քաղաքական ուժերը գնում են դրան»:

«Որոշումն արդեն ընդունվել է, որ պետք է գնանք իշխանափոխության», - ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը: - «Եվ իշխանափոխության պետք է գնանք մեկ թեկնածուով, մեկ ծրագրով»:

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները առայժմ խուսափում են ուղղակիորեն անդրադառնալ միասնական թեկնածուի հարցին: Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, միասնական թեկնածուի մասին խոսելը այս պահին «ուղղակի անիմաստ է»:

Ալեքսան Կարապետյանը ասաց, միասնական թեկնածուի հարցի քննարկմանը ընդդիմությունը կանցնի մոտ ամենամոտ ապագայում:
«Եթե մենք ուշացնենք, ապա տանուլ կտանք», - ասաց Ալեքսան Կարապետյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG