Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի պատվիրակները գնահատում են Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը


«Մահապատժի վերացումը ստորագրել է ձեր երկիրը,
դա մեր ցանկությունը չէ, ձե'ր քաղաքացիների, ձե'ր երկրի ցանկությունն է: Եվրախորհրդի կանոնակարգը չափազանց խիստ է՝ ոչ մի մահապատիժ», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան մահապատժի հարցում բացառություն անելու հայտին, հայտարարեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի համազեկուցող Իրենա Բելահորսկան՝ մեկ անգամ էլ հաստատելով Եվրախորհրդի անզիջում դիրքորոշումը այս հարցում:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի համազեկուցողներ Իրենա Բելահորսկան եւ Յերզի Յասկերնան Երեւանում պատրաստում են Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը, որը սեպտեմբերին կներկայացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Համազեկուցողները մինչ այդ որեւէ ակնարկ կամ մեկնաբանություն չեն անում, ուստի լրագրողների հետ հանդիպման ընթացքում նրանք ավելի շատ լսողի ու հարցնողի դերում էին:

Լրագրողների բարձրացրած հարցերը վերաբերում էին, հիմնականում, Հայաստանում մամուլի ազատության վիճակին:
Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ կապուղուց զրկված «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների լրագրողները ասացին, թե իշխանությունները ամեն բան անում են՝ մինչեւ նախագահական ընտրությունները իրենց եթեր վերադարձնելու հարցը հետաձգելու համար:

Իրենա Բելահորսկան եւ Յերզի Յասկերնան Հայաստան են ժամանել երեկ: Արդեն հանդիպումներ են ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եհովայի վկաների հետ, այցելել են Նուբարաշենի բանտ եւ Աբովյանի գաղութ: Ծրագրված են նաեւ նրանց հանդիպումները Հայաստանի կառավարության մի շարք անդամների, գլխավոր դատախազի, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահի, Ազգային Ժողովի պատգամավորների, Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, Երեւանի քաղաքապետի հետ: Շաբաթվա ընթացքում նրանց կընդունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը անցած ամիս Երեւանում ասել էր, թե Հայաստանը առաջընթաց է արձանագրել ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ, սակայն պետք է ավելին անի՝ «եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար»: Նա հորդորել էր իշխանություններին առանց վերապահումների արգելել մահապատիժը, շուտափույթ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը եւ ապահովել առաջիկա ընտրությունների ժողովրդավարականությունը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG