Մատչելիության հղումներ

Թուրք գործարարները ուզում են բաց տեսնել հայ-թուրքական սահմանը


Հայաստանին սահմանամերձ թուրքական նահանգների շուրջ չորս տասնյակ գործարարները հայաստանյան այցի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում վերահաստատեցին սահմանները բաց տեսնելու իրենց ցանկությունը եւ անգամ կարծիք հայտնեցին, թե շուտով դա տեղի կունենա։

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, թուրք գործարարները մինչեւ Հայաստան գալը իրենց կառավարությանը խնդրել են բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը ու հերթական մերժումն են ստացել։ Կառավարությունում ունեցած հանդիպումների ժամանակ այդ երկրի պաշտոնական շրջանակները, մեղմ ասած, չեն խրախուսել՝ թեկուզ առեւտրի նկատառումներով՝ բազմամարդ խմբի այցը հարեւան երկիր։

Արդյոք թուրքական իշխանությունների կողմից ճնշումներ եղե՞լ են հայ գործընկերների հետ նորմալ առեւտրական հարաբերություններ հաստատել ձգտող թուրք գործարարների հանդեպ։ Պատասխանելով այս հարցին, պատվիրակության ղեկավարը՝ Իգդիրի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Թայյար Օրալը անուղղակիորեն հաստատեց դա: «Այսօր ամբողջ աշխարհում հարեւան պետությունները բարեկամանում են, լավ հարաբերություններ են հաստատում, իսկ մենք, թողնելով մեր 25 րոպեանոց ճանպարհը, Հայաստան եկանք 25 ժամում՝ այլ երկրի տարածքով»:

Թուրք գործարարների մատուցմամբ, հարաբերությունների բարելավումը եւ սահմանների վերաբացումը այսօր վերստին կախվածության մեջ է դրված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումից, սակայն, ըստ Թայյար Օրալի, արդեն տասը տարուց ավելի է, ինչ այդ ուղղությամբ ոչ մի լուրջ քայլ չի արվում:

«Ամեն պետություն փորձում է իր շահը առաջ տանել, այդ պատճառով էլ չի ստացվում», - ասաց Օրալը՝ կոչ անելով Ռոբերտ Քոչարյանին ու Հեյդար Ալիեւին խաղաղություն հաստատել:

Թուրք գործարարները միանշանակ կողմ են սահմանների վերաբացմանը: Ավելին, նրանցից մեկը նույնիսկ համոզմունք հայտնեց, թե առաջիկայում, կարճ ժամանակաընթացքում սահմանային անցակետերը բացվելու են, ու իրենք Հայաստան են եկել հենց դրան նախապատրաստվելու համար:

Թուրք գործարարները, իհարկե, չմանրամասնեցին, թե իրենց որտեղի՞ց է հայտնի, թե հայ-թուրքական սահմանը շուտով վերաբացվելու է, սակայն, հարկ համարեցին շեշտել, որ սահմանների վերաբացմանը կողմ է ոչ միայն գործարարներ հանրությունը, այլեւ սահմանամերձ շրջանների թուրք բնակչությունը:

«Իգդիրի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են: Իհարկե, մեր տարածաշրջանում կան ֆանատիկոսներ, ձեր տարածքում էլ, բնականաբար, կան, սակայն, աշխարհն արդեն այդ ֆանատիկոսներին չի ընդունում. մեր նպատակն է գնալ հարեւանի հետ լավ հարաբերությունների հաստատմանը», - ասաց Թայյար Օրալը։

Ասուլիսում գնահատականեր տրվեցին, թե սահմանների վերաբացման դեպքում որքանով կաճի երկու երկրների միջեւ կատարվող ուղղակի առեւտուրը։ Հայ-թուրքական տնտեսական հանձնախմբի գնահատումներով, այժմ երկու երկրների միջեւ արվող գործարքների մոտավորապես 70 տոկոսը կատարվում է հայ եւ թուրք գործարարների միջեւ անմիջականորեն, մնացած 30 տոկոսը միջնորդավորված առեւտուրն է՝ Իրանի կամ Վրաստանի տարածքներով։

Մինչդեռ, որոշ փորձագիտական տվյալներով, Հայաստան - Թուրքիա թաքնված առեւտուրն ավելի մեծ ծավալներ ունի, քանի որ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում Թուրքիայից Հայաստան մտնող մաքսանենգ ապրանքը։

Վերջին 7 տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրն աճել է ավելի քան 8 անգամ։ Ընդ որում, ամենամեծ ծավալներ գրանցվել են 1998 թվականին, երբ ընդհանուր ապրանքաշրջանառությունը մոտեցավ 60 միլիոն դոլարի սահմանագծին: Իսկ վերջին երկու տարիներին, պաշտոնական տվյալներով, երկկողմ առեւտուրը կայունացել է 40-42 միլիոն դոլարի մակարդակի վրա։

Հայ-թուրքական տնտեսական հանձնախմբի գնահատմամբ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ծավալները սահմանների վերաբացման դեպքում առնվազն կտասնապատկվեն։ Համաշխարհային բանկի կանխատեսումներով, սահմանային արգելքների վերացման դեպքում Հայաստան - Թուրքիա առեւտրի ծավալները կարող են հասնել մինչեւ 300 միլիոն դոլարի, այսինքն, Թուրքիան Ռուսաստանից հետո կարող է դառնալ Հայաստանի երկրորդ առեւտրական գործընկերը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG