Մատչելիության հղումներ

Ըստ Կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի գործարար միջավայրը ռիսկային է


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած՝ Հայաստանի բանկային համակարգին եւ ֆինանսական քաղաքականությանը նվիրված սեմինարում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ասաց, որ երկրում գրանցված 90 հազար ձեռնարկություններից իրականում աշխատում են եւ հարկատու են մոտ 5000-ը: Մնացածը սնանկ են եւ իրենց փաստացի գոյությամբ պարզապես հետ են մղում տնտեսության զարգացումը:

Բանկային համակարգը, մինչդեռ, խուսափում է վարկավորել տնտեսությունը, եւ շրջանառու միջոցների անբավարարության պատճառով մարդիկ չեն կարողանում աշխատել:

«Վարկ տրամադրելը բիզնես է», - ասաց Տիգրան Սարգսյանը: Իսկ վերջին հինգ տարիների ընթացքում, նրա խոսքերով, Հայաստանում տասնյակ միլիարդավոր դրամի վարկեր հետ չեն վերադարձվել: - «Բայց այդ մարդիկ Հայաստանում այսօր ապրում են, աշխատում են, ձեռնարկատերեր են եւ վատ չեն ապրում: Բայց պարտավորությունները չեն կատարել բանկերի նկատմամբ»:

Այս ամենը, նրա խոսքերով, վկայում է Հայաստանում գործարար միջավայրում առկա ռիսկայնության մասին:

«Երբ բանկային համակարգը հիվանդ է , ապա տնտեսության զարգացման մասին խոսելը ուղղակի բլեֆ է», - ասաց նախկինում Վիճակագրության պետական կոմիտենի նախագահ Էդվարդ Աղաջանովը, որը թերահավությամբ ընդունեց Տիգրան Սարգսյանի ներկայացրած բանկային համակարգի վերջին տարիների ցուցանիշները: Էդվարդ Աղաջանովը հիմնվում է այն փաստի վրա, որ բոլոր կոմերցիոն բանկերի բանկային կապիտալը կրճատվել է:

Նույն փաստը բոլորովին այլ լույսի ներքո է մեկնաբանում Տիգրան Սարգսյանը: «Ինչ ունեինք նախկինում՝ շատ էր եւ սուտ, ինչ ունենք հիմա քիչ է՝ բայց իրականը», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը:

Հայ գործարարների ընկերության նախագահ Հովսեփ Սեֆերյանին էլ անհանգստացնում է այն, որ հիմա էլ մեծ եռանդով տնտեսական դատարանի միջոցով սնանկ են ճանաչում եւ լուծարում են անաշխատունակ տնտեսավարող սուբյեկտները: Նշվեց, որ տարեկան պետք է 2000-3000 ձեռնարկություն սնանկ ճանաչել: Նրա կարծիքով, սեփականաշնորհման գործընթացի հետեւանքով այսօր մեր գործարանների 90 տոկոսը կամ սնանկն են կամ սնանկացման եզրին են հնից կուտակված արդար կամ անարդար տույժ ու տուգանքների պատճառով:

Նրա կարծիքով, կան ձեռնարկություններ, որոնք կարելի է փրկել՝ ճիշտ ներդրումներով: Մինչդեռ ո'չ կառավարության, ո'չ էլ բանկային համակարգում մենք չունենք մի մարմին, որը համակողմանիորեն կվերլուծի ու կորոշի, թե որ հիմնարկը կարող է գոյատեւել, իսկ որի կյանքն արդեն վերջացած է:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG