Մատչելիության հղումներ

Կոնգրեսականի կարծիքով, Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը չպետք է նվազի


Միացյալ Նահանգների Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, որը Հայաստան էր ժամանել Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններին՝ որպես դիտորդ մասնակցելու նպատակով, այսօր Հայաստանի արտգործնախարարությունում հրավիրած մամուլի ասուլիսում հաստատեց իր կարծիքը, թե «ընտրությունները անցան շատ լավ, շատ ազատ եւ շատ արդար»:

Կոնգրեսական ասաց, որ նախքան Ղարաբաղյան կարգավորման խախաղ պայմանագրի ստորագրումը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միայն ընտրությունների միջոցով կարող է արտահայտել իր կամքը:

Ֆրենկ Փալոնը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգների սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Հայաստանին տրամադրվելիք մարդասիրական օգնության չափը՝ 91 մլն դոլար: Իսկ ռազմական օգնությունը նախորդ տարվա 4 մլն 300 հազար դոլարի փոխարեն առաջիկա տարում կկազմի 3 մլն 700 հազար դոլար: Հարցը դեռեւս քննարկվելու է նաեւ այլ հանձնախմբերում, ենթակա է Ներկայացուցիչների տան հաստատմանը: Փալոնը փոխանցեց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբի տեսակետը, թե ռազմական օգնության չափը հարկավոր է պահել նախորդ տարվա մակարդակին:

Դառնալով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման հարցին, Ֆրենկ Փալոնը ասաց, որ հատկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո համապատասխան բանաձեւի ընդունման համար պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն. ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կոալիցիայի ստեղծման ճանապարհին այդ հարցը կարող է խոչընդոտ լինել: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, սակայն, Փալոնի խոսքերով, չի կիսում այդ տեսակետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Սենատի անդամ Տորիչելլիի ներկայացրած՝ Ցեղասպանության մասին ՄԱԿ֊-ի կոնվենցիային ԱՄՆ-֊ի միանալու 15֊-րդ տարեդարձը նշանավորող 307 բանաձեւի ընդունման դեպքում ԱՄՆ-ը փաստորեն պաշտոնապես չի ճանաչի հայող ցեղասպանությունը, Ֆրենկ Փալոնը ասաց, որ հանգամանորեն ծանոթ չէ նշված բանաձեւին: Այդուհանդերձ, կոնգրեսական խոսքերով, քանի որ այլ ցեղասպանությունների կողքին բանաձեւում հիշատակվում է նաեւ հայոց ցեղասպանությունը, ապա այն կստանա հայկական հարցերով հանձնախմբի աջակցությունը:

1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության մասին կոնվենցիային ԱՄՆ֊-ը միացել է 1987 թվականի նոյեմբերին: Ռոբերտ Տորիչելլի ներկայացրած բանաձեւի նախագծում ասվում է, որ կոնվենցիային միանալը ամերիկյան հասարակության համար սկզբունքային նշանակություն ունի՝ ապահով լինելու, որ Հոլոքոսթի, հայերի ցեղասպանության, Կամբոջայի եւ Ռուանդայի, այլ ցեղասպանությունների դասերը կօգնեն կանխելու նոր ցեղասպանությունները:

Ի տարբերություն այս նախագծի, պաշտոնական Վաշինգտոնը «հայերի ցեղասպանություն» բնորոշման փոխարեն գործածում է «հայերի կոտորած, ջարդ» կամ «ողբերգություն» բնորոշումները: Այս տարվա ապրիլին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նախագահ Ջորջ Բուշին նամակով հորդորել էր ապրիլի 24֊-ի ամենամյա ուղերձում հատուկ արտասանել «ցեղասպանություն» բառը, բայց Բուշը նախապատվությունը տվեց «20֊-րդ դարի ողբերգություն», «մոտ մեկ ու կես միլիոն հայերի կոտորած» բնորոշումներին:

Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախումբը 1995֊-ին ստեղծել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Էդվարդ Փորթերը: Հանձնախմբի նպատակներն են. Միացյալ Նահանգներ - ֊Հայաստան հարաբերությունների ամրապնդումը, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծումը, Հայաստանի շրջափակումը վերացնելուն նպաստելը, ԱՄՆ-֊ում հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը: Վերջերս համալրված հանձնախումբը ներկայում 120 անդամ ունի:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG