Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց նոր ընտրատարածքները


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այսօր կայացած արտահերթ նիստի օրականգում առավել կարեւոր հարցը, թերեւս, Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրատարածքների կազմավորման եւ համակարգման հարցն էր:

Նախկին օրենքով ԱԺ մեծամասնական տեղերը 75-ն էին: Նոր Ընտրական օրենսգրքով դրանք ընդամենը 56-ն են: Հանձնաժողովը ջանացել է պահպանել համամասնությունը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում՝ որպեսզի յուրաքանչյուր ընտրատարածքում ընդգրկված լինեն 30 հազարից ոչ պակաս եւ 45 հազարից ոչ ավելի ընտրող: Երեւանում, օրինակ, նախկինում եղած 25 ընտրատարածքների փոխարեն կլինեն 18-ը:

Այսօր հաստատված կարգը կգործի տեղական կառավարման մարմինների եւ նախագահական ընտրությունների ժամանակ: Խորհրդարանական ընտրություններից առաջ որոշակի փոփոխությունները չեն բացառվում, եւ դա ամրագրված է Ընտրական օրենսգրքում:

«Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ կետում միանշանակ ասված է, որ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող 90 օրվա ընթացքում պետք է կազմավորվեն ընտրատարածքներ», - պարզաբանեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: - «Այնպես որ այս ընտրատարածքները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմիների եւ հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման համար»:

Այս փուլում ձեւավորվում են նաեւ ընտրատարածքային հանձնաժողովները: Դրանք ձեւավորվելու են նույն սկզբունքով, ինչ ԿԸՀ-ն՝ երեքական անդամ նշանակելու է հանրապետության նախագահը, եւ մեկական անդամ ներկայացնելու են Ազգային Ժողովի վեց խմբակցությունները: Օգստոսի 17-ին նախկին մարզային հանձնաժողովները կլուծարվեն եւ կսկսեն գործել արդեն ընտրատարածքային հանձնաժողովները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG