Մատչելիության հղումներ

Նախարարը տնտեսական վերելք է արձանագրում





«Նախնական տվյալներով առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքի աճը Հայաստանում կազմել է 10,1 տոկոս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ դա 2-3 տոկոսով ավելի է պետբյուջեով նախատեսվածից:

Առաջին կիսամյանի արդյունքները, առհասարակ, 1,5-2 անգամ զիջում են երկրորդ կիսամյակի ցուցանիշներին, ինչը պայմանավորված է «գյուղատնտեսության առաջնային արդյունքի` աշնանը ի հայտ գալով»: «Իսկ գյուղատնտեսությունը մեր համախառն արդյունքի մեջ կազմում է մոտավորապես 25-40 տոկոս», - հավելեց նախարարը:

Ճշմարիտյանի խոսքերով, տնտեսական նման աճը պայմանավորված է առաջին կիսամյակում արտահանման ծավալների աննախադեպ աճով՝ 40,9 տոկոս: «Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալը կազմել է համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը», - ասաց նա՝ շեշտելով, որ այդ ցուցանիշները անվիճարկելի են, քանի որ արտահանման ծավալները «ֆիսված են կոնկրետ հայտարարագրերով եւ ինվոյսներով, իսկ համախառն ներքին արդյունքը՝ կոնկերտ հաշվետվություններով»:

Տնտեսական աճը, ըստ նախարարի, պայմանավորված է նաեւ համաշխարհային շուկայում ոսկու, ադամանդի, մոլիբդենի, պղնձի գների որոշակի կայունացմամբ, ինչը շահավետ է Հայաստանի հանքարդյունաբերության համար:

Թեթեւ արդյունաբերության ոլորտում գրանցված արտադրության եւ իրացման աճը նախարարը կապեց Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի համար «արտոնյալ ռեժիմ» սահմանելու հետ:

«Շինարարության ոլորտում աճը կազմել է 25,4 տոկոս: Արդյունաբերության աճը կազմել է առավել քան 20 տոկոս՝ առանց էներգետիկայի: Իսկ էներգետիկայի հետ՝ 12,3 տոկոս», - ասաց Կարեն Ճշմարիտյանը: - «Այս տարին կավարտենք առավել լավ ցուցանիշներով, քան նախորդ տարին՝ եւ' համախառն ներքին արդյունքի, եւ' արտահանման, եւ' գյուղատնտեսության, եւ' արդյունաբերության, եւ' շինարարության, եւ' ենթակառուցվածքային մնացած բոլոր ոլորտների աճով»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG