Մատչելիության հղումներ

Ավարտվեցին հայ-ռուսական համատեղ զորավարժությունները





Օգոստոսի 6-9-ը Բաղրամյան զորավարժարանում տեղի ունեցան հայ-ռուսական հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ օդուժի եւ մարտական կրակի կիրառմամբ: Զորավարժությունները անցկացվեցին զինվորական ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման եւ մարտի նախապատրաստման ու անցկացման միատեսակ մեթոդիկա մշակելու նշանաբանով: Զորավարժություններին մասնակցում էր շուրջ 400 զինվորական:

Զորավարժությունների վերջին օրը Հայաստանում տեղակայաված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմահենակետի ու հայաստանյան 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, ըստ սցենարի, կասեցրին պայմանական սահմանն անցած պայմանական հակառակորդի գրոհը եւ անցան հակահարձակման: Հետեւակային զորքերին օգնության հասան տանկային շարասյուները, ինչպես նաեւ «Սու» տիպի մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Զորավարժությունների հրամանատարն էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, իսկ համահրամանատարը՝ Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատար, գեներալ լեյտենանտՆիկոլայ Զոլոտովը:

Զորավարժությունների ներկա էին Հայաստանում Միացյալ Նահանգների, Իրանի, Չինաստանի եւ այլ երկրների դեսպանությունների զինվորական կցորդները, իսկ Մեծ Բրիտանիայի ու Ուկրաինայի նրանց գործընկերները ժամանել էին Վրաստանից:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գնահատմամբ, հայ-ռուսաստանյան միասնական զորամիավորման այս առաջին զորավարժությունները բավականին արդյունավետ ու հաջող անցան «ինչպես ուսուցողական, այնպես էլ ստուգողական առումներով»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG