Մատչելիության հղումներ

Մարզական աշխարհը առաջիկա ընտրություններում սատարելու է գործող նախագահին


Քաղաքական աշնան սպասումների ներկա փուլում շրջանառվող խոսակցություններից է, թե Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, մշակույթի ու սպորտի փոխնախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ ձեւավորվելու է «Հաղթանակ» անվանումով կուսակցություն, որը լինելու է գործող նախագահի կարեւորագույն հենարաններից մեկը նախագահական ընտրարշավում:

Մոտ մեկ տարի առաջ որպես հասարակական կազմակերպություն գրանցված «Հաղթանակ»-ը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կազմակերպության նախագահ Իշխան Զաքարյանը 2003-ի նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Սպորտային աշխարհը միանշանակ, իհարկե, ընտրությունների ժամանակ սատարելու է նախագահին, օգնելու է նրան», - ասաց նա: - «Եվ «Հաղթանակ» հասարակական կազմակերպությունը, եւ' ֆեդերացիաներն ու Օլիմպիական կոմիտեն, եւ' մարզադպրոցները՝ բոլորն էլ օգնելու են»:

Նման դիրքորոշումը, Իշխան Զաքարյանի խոսքերով, պատճառաբանված է, քանի որ հանրապետության նախագահը սերտորեն կապված է Հայաստանի մարզական աշխարհի հետ եւ «նրա օժանդակությամբ բազմաթիվ խնդիրներ են լուծվել»:

Իրենց համապարփակ աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին Իշխան Զաքարյանը չպայմանավորեց խորհրդարանում դրա դիմաց հետագայում մանդատներ ստանալու ակնկալիքով: «Հոկտեմբեր ամսին «Հաղթանակ»-ը հրավիրելու է իր առաջին համագումարը: Կարծում եմ, բավականին շատ հարցեր տեղում կքննարկվեն: Կազմակերպություններից կլինեն անդամներ, ովքեր կուզենան առաջադրվել օրենսդիր մարմիններում, եւ մենք, բնականաբար, կօգնենք, կօժանդակենք», - ասաց նա, տեղեկացնելով նաեւ, որ համագումարում էլ կորոշվի կազմակերպությունը կուսակցության վերածելու հարցը:

Այսօր «Հաղթանակ» հասարակական կազմակերպությունն արդեն ունի բավականին շատ կառույցներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում ու մարզկենտրոններում:

Գործարար ոլորտի ներկայացուցիչների ընդգրկվածությունը «Հաղթանակ»-ում Իշխան Զաքարյանը միանագամայն բնական է համարում: Նրա խոսքեորվ, այդ գործարարներից շատերը նախեւառաջ մարզական աշխարհի ներկայացուցիչներ են: Այսպես Գագիկ Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է, Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, Սամվել Ալեքսանյանը՝ ըմբշամարտի ֆեդերացիայինը: Կազմակերպությանն անդամակցող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ Սեւանի քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը նաեւ մարզական կառույցներ են ղեկավարում:.

Որպես հասարակական կազմակերպություն թե կուսակցություն, «Հաղթանակ»-ը արդեն իսկ տիրապետում է վարչական ու ֆինանսական բավականին տպավորիչ լծակների եւ իր հնարավորություններով ընդգրկվելու է նախագահ Քոչարյանի նախընտրական շտաբում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG