Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձանագրելով, որ Արամ Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբաններ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները երկու ամիս է, ինչ չեն մասնակցում «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությանը, «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ջանոյանների բացակայությամբ շարունակվող դատաքննության երկամսյա ժամանակահատվածը շատ բան հստակեցրեց: Մասնավորապես Արամ Սարգսյանի շահերի մեկ այլ ներկայացուցչի պահվածքը առնվազն հիմնավոր ենթադրությունների տեղիք է տալիս: Գործը քաղաքականացնելու միտումով մասնագիտականից քաղաքական հարթության կտրուկ շրջադարձը վկայում է, որ վստահորդը թերեւս Ջանոյաններից էլ նույնն էր պահանջում, ինչն առանց վարանելու կատարում է Յունոշեւը»: Թերթի հարցազրույցում Տիգրան Ջանոյանը խուսափում է անդրադառնալ դատավարությանը չմասնակցելու շարժառիթներին. - «Վստահորդին պետք էր, որ մենք չմասնակցեինք, ասաց՝ շնորհակալ եմ, ցտեսություն: Հիմա դա ո՞ւմ է ցավ պատճառում, ես չգիտեմ: Ինձ, օրինակ, պատմեցին, որ Նաիրի Հունանյանը շատ ուրախացավ, երբ մեր պրոֆեսիոնալ խումբը դուրս եկավ դատավարությունից: Եթե դա առաջարկողների եւ ուրախացողների շահերը համընկնում են, դա էլ իրենց պրոբլեմն է»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին գնդակահարված Ազգային ժողովի փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը նույն թերթի հարցազրույցում վստահաբար հայտարարում է. - «Միանշանակ կան կազմակերպիչներ: Եվ այդ կազմակերպիչների առաջին խնդիրն էր գտնել այն մարդուն, որը կարող էր իրականացնել այդ ստոր գործողությունը: Ընտրությունը անվրեպ էր. ովքեր նրան օգտագործել են, ուղիղ մեխին են խփել: Այդ տղային այնպես են զոմբիացրել, որ հիմա ինքը ամեն կերպ ամեն ինչ իրեն է վերագրում, համոզված է, որ ինքնուրույն է հղացել եւ իրագործել այդ դավաճանական ծրագիրը»: Մահապատիժը վերացնելու հարցում իր դիրքորոշմանը վերաբերող հարցին Անահիտ Բախշյանը պատասխանել է. - «Մահապատժին, ընդհանուր առմամբ, որպես քրիստոնյա մարդ, կողմնակից չեմ: Ինչ վերաբերում է ոճրագործ հնգյակին, մի մտավախություն ունեմ. իսկ եթե ժամանակներ փոխվեն, իշխանության գան մարդիկ, որ կազմակերպիչների հետ այս կամ այն չափով առնչություն ունեն, եւ Նաիրին ու Կարենը «հերոսների» շարքը դասվե՞ն: Եթե այս մտավախությունը չունենայի, եթե համոզված լինեի, որ այդ տականքները ցմահ բանտարկության կդատապարտվեն եւ իրենց անփառունակ կյանքը կավարտեն բանտում, միանշանակ կողմնակից կլինեի, որ մահապատիժը փոխարինվի ցմահ բանտարկությամբ»:

Անդրադառնալով Իսրայելում Հայոց պատրիարքության կալվածքի զավթման, Ռուսաստանում հայերի նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերին, «Օր» թերթը քննադատության թիրախ է դարձնում Հայաստանի դիվանագիտությունը: Թերթի պատկերմամբ, նորանկախ, թույլ ու տկար, սեփական ստվերից սարսափող պետության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող հայ դիվանագետը խոսափողի առջեւ կանգնած ձկան տպավորություն է թողնում. «Արդյունքում՝ նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր ոտնձգություններ»: «Այսօր մենք վկան ենք հայրենական դիվանագիտության անճարակության», - գնահատում է «Օր»-ը:

«Անձամբ եղել եմ Սանկտ Պետերբուրգի գերեզմանոցում եւ պետք է նշեմ, որ Օրբելի ընտանիքի անդամների շիրմաքարերի հետ որեւէ բարբարոսություն չի կատարվել», - «Հայաստանի Հանրապետություն» թերթը փոխանցում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանի պարզաբանումները: Վերջինիս խոսքերով, հուլիսի 17-ի եւ 21-ի գիշերը պղծվել է տարբեր ազգերի ներկայացուցիչների շուրջ հարյուր շիրմաքար, այդ թվում՝ ռուսների, հրեաների, թաթարների, վրացիների: «Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ծայրահեղական դրսեւորումները, կարծում եմ, ոչ թե ուղղված են որեւէ ազգի դեմ, այլ դա ընդհանուր երեւույթ է, որը, այո, նաեւ վտանգավոր է: Իմ կարծիքով, ճիշտ չէ դա տեղայնացնել հայ-ռուսական ազգամիջյան հարաբերություններում: Անշուշտ, սա պետք է դատապարտել, բայց կարող են լինել ուժեր, որոնք ուղղակի փորձեն կատարվածը ուղղորդել հայ-ռուսական ազգամիջյան հարաբերությունների ոլորտ: Մենք պետք է զգույշ լինենք եւ բազմակողմանիորեն նայենք այդ երեւույթին», - գնահատում է Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, թե նշված փաստի վերաբերյալ արդեն հարուցվել է քրեական գործ:

«Գոլոս Արմենիի»-ի հայացքով, Կարեն Դեմիրճյանից հետո վերադարձի «ֆենոմենը» արդեն ոչ ոք չի կրկնի. «Այն պարզ պառճառով, որ Դեմիրճյանից հետո ժողովուրդը կուշտ կյանք չի տեսել», - ձեւակերպում է թերթը: - «Փոխարենը տեսել է հհշական ամենաթողության սարսափները եւ հազիվ թե քվեարկի դրանք մարմնավորող Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին»:

Վերլուծելով թուրքական մամուլի հրապարակումները, «Ազգ»-ի մեկնաբանը հերթական անգամ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարածքային փոխանակման ձեւին, ընդգծում է. - « Կասկածից վեր է, որ Մեղրու միջանցքը տարածաշրջանային խնդիր է։ Դրա լուծումը ենթադրում է Անդրկովկասում, Միջին Ասիայում, ինչու չէ, նաեւ Միջին Արեւելքում ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխությունը։ Թեեւ դա հօգուտ Թուրքիայի է լինելու, սակայն լուծումը հազիվ թե պայմանավորվի նրա նկրտումներով»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Ազգ»-ը հիշեցնում է. - «Ներկայիս ղեկավարությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ պաշտոնական բազմաթիվ հայտարարություններով վճռականորեն բացառել է Մեղրիով որեւէ միջանցքի բացումը»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG