Մատչելիության հղումներ

Հայաստանը իր տաղավարը կունենա Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում


Գալիք հոկտեմբերին Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, ինչպես այժմ կոչվում է խորհրդային տարիների Ժողովրդական տնտեսության նվաճումների համամիութենական ցուցահանդեսը, Հայաստանը կունենա իր մշտական տաղավարը: ԱՊՀ երկրներից նման տաղավար այստեղ առայժմ ունի միայն Ուկրաինան:

Հայ գործարարների շահերը ներկայացնելու է Ռուսաստանում գրանցված «Արմիմպորտ» ընկերությունը, որն էլ տաղավարի տարածքը որոշակի ժամկետով վարձակալությամբ կհատկացնի հայկական ձեռնարկություններին։ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոյանի փոխանցմամբ, արդեն երեք տասնյակ հայկական ընկերություններ պայմանագրեր են կնքել «Արմիմպորտի» հետ։

Փոխնախարարի ներկայացմամբ, մոսկովյան ցուցահանդեսային կենտրոնը ոչ միայն ռուսական, այլեւ խոշոր միջազգային տոնավաճառային կենտրոն է, ուր օրական միջին հաշվով 80-100 հազար այցելու է լինում: Ամսական այստեղ 3-4 խոշոր միջազգային թեմատիկ ցուցահանդեսներ են կազմակերպվում։

«Մշտական ներկայացված լինելը եզակի եւ բացառիկ հնարավորություն է եւ' ֆինանսական ռեսուրսները խնայելու, եւ' ավտոմատ ձեւով այդ բոլոր միջոցառումներին մասնակից դառնալու համար», - ասաց Արա Պետրոսյանը:

Նրա խոսքերով, հայկական տաղավարի հիմնումը կարեւոր լծակ կարող է դառնալ շուկայում որակյալ հայկական ապրանքների առաջխաղացման համար։

Ռուսական շուկան մեր արտադրողների համար շարունակում է մնալ առաջնային։ Արա Պետրոսյանի հավաստմամբ, վերջին տարիներին Ռուսաստանի հետ առեւտուրը 10-12 տոկոսով աճել է: Այս տարվա առաջին կիսամյակում եւս այս միտումը պահպանվել է:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG