Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կառավարության կազմում կամ կառուցվածքում մոտ ժամանակներս փոփոխություններ չեն նախատեսվում», - «Հայոց Աշխարհ»-ին հավաստիացնում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Արձանագրելով, որ տնտեսության համար ընտրությունները անբարենպաստ շրջան են համարվում, Անդրանիկ Մարգարյանը նշում է. - «Ժամանակից փոքր-ինչ շուտ մեկնարկած նախընտրական տարին քաղաքական դաշտում որոշակի ակտիվություն է մտցրել, որն ինչ-որ տեղ բնական եմ համարում, բայց ամեն ինչ պիտի ողջամտության ու քաղաքակիրթ պայքարի սահմաններում տեղավորվի, հակառակ դեպքում՝ ոչ ոք չի շահի»: Պատգամավոր Գեւորգ Հակոբյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ վարչապետն ասել էր, թե դա պետք է համարժեք պատասխան ստանա: Շարունակո՞ւմ եք մնալ մնալ նույն կարծիքին՝ «Հայոց Աշխարհ»-ի հարցին վարչապետը պատասխանում է. - «Այո, իմ տեսակետը չի փոխվել: Այժմ արձագանքի ձեւերն են քննարկվում»:

«Եթե ես ունենայի զինվորական կոչում եւ վաղը զբաղվեի քաղաքականությամբ, ապա ես մի վայրկյան անգամ չէի զղջա, եթե ինձ զրկեին զինվորական կոչումից, նույնիսկ զուտ միայն քաղաքականությամբ զբաղվելու համար», - «Իրավունք» թերթում հայտարարում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի շնորհազրկմանը: - «Ճշմարտության մի պահ ինձ համար գտա, եւ դա Արամ Սարգսյանի այն հայտարարությունն էր, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսպիսի հայտարարություն չէր անի Վաղարշակ Հարությունյանի մասին: Պիտի ասեմ, որ, իրոք, ճիշտ է Արամ Սարգսյանը, եւ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ... մենք կզբաղվեինք մեր գործերով, Արամ Սարգսյանը իր ուժերը կկենտրոնացներ ցեմենտի գործարանի պրոբլեմների վրա: Բայց ինչ անենք, որ իժի ծնունդները «Հոկտեմբերի 27» են կազմակերպել, եւ շատ բան գլխիվայր է շուռ եկել. Վաղարշակ Հարությունյանը դարձել է քաղաքական գործիչ եւ հայրենի հողերի աննկուն պաշտպան, Արամ Սարգսյանը՝ կուսակցության առաջնորդ եւ բանակաշինության, արցախյան ազատամարտի պատմության մեծ գիտակ: Հանրապետության նախագահն էլ շատ դեպքերում ստիպված այստեղ-այնտեղ հրդեհներ է մարում, որպեսզի հանրապետությունում կայունություն լինի, որովհետեւ առանց կայունության հնարավոր չէ որեւէ զարգացում»: «Իրավունք»-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ընդգծում է. - «Քոչարյանն ինձ համար առաջին հերթին հանրապետության նախագահ է, ապա՝ ընկեր»: Իսկ Ղարաբաղի նախագահական ընտրություններում Արկադի Ղուկասյանին աջակցելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարը «Իրավունք»-ում ուղղակի հայտարարում է. - «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ իմ պաշտպանելը Արկադի Ղուկասյանին ձեւական չէ, եւ հավաստիացնում եմ նաեւ, որ նա, անշուշտ, ընտրվելու է նախագահ՝ Ղարաբաղի ժողովրդի քվեների ճնշող մեծամասնությամբ»:

Մոսկվայի «Միաբանություն» հայկական կազմակերպության նախագահ Սմբատ Կարախանյանը «Գոլոս Արմենիի»-ում փոխանցում է. - «Իրավիճակը ոչ միայն լարված է, այլեւ պայթյունավտանգ: Ամեն օրը հղի է հերթական միջադեպերով, հայերի նկատմամբ կիրառվող հերթական ֆիզիկական հաշվեհարդարով: Մեկ օրվա մեջ մոտ 150 զանգ ենք ստանում: Մարդիկ խուճապի մեջ են. զանգում են, օգնություն խնդրում, հայտնում, որ իրենց հետապնդում են կամ ծեծում: Երբեմն նրանց խուճապը վախի արդյունք է, բայց փաստը մնում է փաստ, որ Մոսկվայում հայ լինելը վտանգավոր նշան է»: Կարախանյանը փոխանցում է նաեւ, թե այսօր արդեն կան այն քաղաքների անվանումները, որտեղ աշնանը հայերի ջարդեր են նախատեսվում: Նրա խոսքերով, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը վերջապես պետք է հասկանան, որ իրավիճակից դուրս գալու ելքը լռությունը չէ:

«Ներքաղաքական կրքերի կրակի վրա տեղադրված կաթսայում այսօր բավականին հաջող կերպով եփվում է «Լեւոն Տեր-Պետրոսյան» առասպելը», - ձեւակերպում է «Օր» թերթը: - «Տեր-Պետրոսյանի էջքը հայրենական քաղաքականության հարթակ, անշուշտ, ծրագրված ռազմավարություն է: Սակայն այսօր, եւ նույնիսկ մեկ տարի հետո, նման ետդարձը, ակնհայտորեն, վաղաժամկետ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հասունացած չէ որպես միֆ, իսկ որեւէ այլ կարգավիճակում նա ուղղակի չի կարող դարձյալ մուտք գործել մեծ քաղաքականություն»: «Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչն արդեն ընդմիշտ հայրենական պատմության անցած էջ է», - ամփոփում է «Օր»-ը:

«Ազգ»-ի մատուցմամբ՝ Ադրբեջանի ղեկավարության իրարամերժ մտքերը, հատկապես երբ խոսքը ղարաբաղյան հիմնահարցին է վերաբերում եւ դրա լուծումը պայմանավորվում է տարածքային փոխանակման սկզբունքով, թյուրիմացություն լինել չեն կարող։ «Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ղեկավարները, որոնց թվում են նախագահ Հեյդար Ալիեւը եւ արտգործնախարար Վելայաթ Գուլիեւը, տուրք են տալիս Թուրքիայի քաղաքական շրջանակների միտումներին, որ վերջին շրջանում սկսել են հաճախակի անդրադառնալ «Մեղրու հարցին» եւ դրա ի հայտ գալը պայմանավորել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման փարիզյան սկզբունքներով», - գրում է մեկնաբանը։ - «Մեղրու միջանցքի» առնչությամբ Թուրքիայի շահագրգռություններին տուրք տալով Ադրբեջանի ղեկավարությունը թուրքական քաղաքական շրջանակների պատվերն է կատարում։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG