Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդներն ու նախագահների անձնական ներկայացուցիչները կրկին հանդիպել են Պրահայում


Այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մոտակայքում գտնվող Շտիրին դղյակում սկսվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-ադրբեջանական բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող այս դռնփակ բանակցություններին մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչները՝ Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Արազ Ազիմովը:

Բանակցություններին մասնակցում են նաեւ միջնորդները՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, ամերիկացի դիվանագետ Ռուդոլֆ Պերինան եւ ֆրանսիացի դիվանագետ Հյուգ Պերնեն:

Շտիրինի դղյակում առաջին անգամ հայ-ադրբեջանական բանակցություններ տեղի ունեցան այս տարվա մայիսի 14-15-ին: ԵԱՀԿ մամլո ծառայությունն դրանք որակել էր որպես արդյունավետ: Դղյակի մուտքն այժմ զարդարված է 6 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ հանդիպումը հյուրընկալող Չեխիայի պետական դրոշներով:

Կողմերը միանշանակ մերժում են տեղեկություններ փոխանցել մամուլին: Արժանահավատ աղբյուրի համաձայն, որը նշել չենք կարող, հատկապես ադրբեջանական կողմն է պնդում, որ այս փուլում բացառվի ինֆորմացիայի արտահոսքը եւ խիստ նյարդայնացած է արձագանքում, երբ բանակցությունների մասնակիցները զրուցում են լրագրողների հետ: Այդուհանդերձ, շատ բան կախված է բանակցությունների ընթացքից, ուստի, չի կարելի բացառել, որ ԵԱՀԿ-ն առաջիկայում նպատակահարմար կգտնի մեկնաբանել հանդիպումը:

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն օրերս ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկի թղթակցին ասել է, թե բանակցությունների այս փուլում որեւէ առաջխաղացում չի ակնկալվում:

Բանակցությունները կավարտվեն վաղը՝ հուլիսի 30-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG