Մատչելիության հղումներ

Համայնքները կխոշորացվեն ընտրություններից հետո


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ անցկացված խորհրդակցության շրջանակներում այսօր Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը հանրապետության 29 քաղաքային համայնքների ղեկավարներին համակարգչային տեխնիկայի հավաստագրեր հանձնեց։ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ միջկառավարական համագործակցության շրջանակներում իրականացվող «Համայնքների զարգացման խրախուսում» ծրագրի շրջանակներում մինչ այժմ համակարգչային կոմպլեկտներ են հանձնվել եւս 28 քաղաքների վարչակազմերի։

Վարչապետն ասաց, որ համակարգչային տեխնիկան կարող է օգտակար լինել հոկտեմբերի 20-ին հանրապետությունում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հաջորդ տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում՝ ընտրացուցակները ճշտելու համար: Վարչապետի խոսքերով, ընտրացուցակների անկատարությունը միակ թերությունն է, որից դժգոհ են ինչպես հայաստանյան իշխանությունները, այնպես էլ միջազգային դիտորդները:

Համակարգչային տեխնիկայի առկայությունը, անշուշտ, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը ապահովելու համար: Հանրապետության ավելի քան 930 համայները խոշորացնելու, դրանց թիվը առնվազն 3 անգամ կրճատելու մասին խոսակցություններ վաղուց են շրջանառվում: Իրական, սակայն, քայլեր չեն ձեռնակվում:

Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն այսօր, ըստ էության, չժխտեց դա: «Համայնքների խոշորացման գաղափարը ընդունելի է կառավարության կողմից ընդհանրապես, ուղղակի ժամանակի առումով ինչ-որ տեղ վաղ է», - ասաց Աբրահամյանը: - «930 համայնք Հայաստանի Հանրապետության համար շատ է, եւ համայնքների խոշորացման խնդիրը, իմ կարծիքով, կքննարկենք ընտրություններից հետո՝ 2003 թվականի վերջում»:

Տարածքային կառավարման նախարարը նույնպես համոզմունք հայտնեց, որ համակարգչային տեխնիկայի միջոցով ճշտված ընտրացուցակները լրիվ երաշխավորում են ընտրությունների օրինականությունը. «Համայնքային ընտրությունների առիթով սա կլինի օժանդակություն, որպեսզի կազմակերպվեն ազնիվ, թափանցիկ ընտրություններ եւ համակարգիչներով կլուծվեն ընտրացուցակների հետ կապված խնդիրները»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG