Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանի պաշտոնազրկումը տարբեր մեկնաբանություններ է առաջացնում


Անցած երկուշաբթի «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որով նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը զրկվեց գեներալ-լեյտենանտի կոչումից: Հրամանագրի բուն տեքստը մինչեւ օրս չի հրապարակվել՝ շարադրվել է սոսկ դրա բովանդակությունը:

Հրամանագրի հիմքում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքն է, որը նախագահը ստորագրել էր հուլիսի 18-ին: Հստակ չէր, թե Վաղարշակ Հարությունյանը աստիճանազրկվե՞լ էր, թե պաշտոնազրկվել, այսինքն՝ զրկվել էր միայն գեներալ լեյտենանտի կոչումի՞ց, թե առհասարակ բոլոր զինվորական կոչումներից: Ուրբաթ օրը, սակայն, նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանել էր, որ Հարությունյանը զրկվել է բոլոր զինվորական կոչումներից:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին անված շաբաթ ասել էր, թե նախագահի հրամանագիրը խախտում է Սահմանադրությունը, քանի որ այն նախագահին տալիս է միայն բարձագույն զինվորական կոչումներ շնորհելու, բայց ոչ դրանցից զրկելու իրավունք:

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը, սակայն, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ «Զինվորական ծառայության անցնելու» մասին օրենքի այն դրույթը, որը հանրապետության նախագահին բարձրագույն սպաներին զինվորական կոչումից զրկելու իրավունք է տալիս, հակասահմանադրական չէ:

«Սահմանադրության մեջ հանրապետության նախագահի՝ բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու իրավասությունը ամենեւին չի ենթադրում, որ այդ իրավասությունը միայն շնորհելուն է վերաբերում եւ չի կարող հանրապետության նախագահը նույն օրենքով կամ այլ իրական ակտով իրավասություն ունենալ նաեւ աստիճանազրկելու, հետ վերցնելու այդ զինվորական կոչումները», -ասաց նա:

Պողոսյանի խոսքերով, Լեհաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ բազմաթիվ այլ երկրների սահմանադրություններում ամրագրված զինվորական կոչումներ շնորհելու իրավասությունը ենթադրում է նաեւ, որ երկրի նախագահը՝ իբրեւ զինված ուժերի գլխավոր հրամանատար, իրավունք ունի աստիճանազրկելու, ինչը, այդուհանդերձ, չի նշանակում, որ հանրապետության նախագահին ինչ-որ գեներալ կարող է դուր չգալ, եւ վերջինս այդ պատճառով կարող է աստիճանազրկել:

Երկրի նախագահը բոլոր դեպքերում պետք է գործի օրինականության շրջանակներում: Այսինքն՝ պետք է նաեւ իրավական հիմքեր լինեն, ինչն օրենքում հստակ ձեւակերպում չի ստացել:

«Օրենքի հենց հիմա ընդունելը բավականին արագ պրոցեդուրայով, օրենքը այդքան արագ ստորագրելը, ուժի մեջ մտցնելը եւ Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ կիրառելը միանշանակ վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել քաղաքական հաշվեհարդար, վրեժխնդրություն», - ավելացրեց Պողոսյանը:

Ըստ նրա, եթե սահմանադրական խախտում չի կատարվել, դա ամենեւին չի նշանակում, թե օրինախախտում ընդհանրապես չի եղել: Սահմանադրական իրավունքի մասնագետի մեկնաբանությամբ, տվյալ դեպքում խախտվել է առնվազն երկու ընթացակարգ:

«Հանրապետության նախագահը պետք է օրինական հիմքեր ունենար Հարությունյանին աստիճանազրկելու համար: Այդ օրինական հիմքերը հրամանագրում շարադրված են այնպիսի ձեւակերպումներով, որոնք իրավական որեւէ քննադատության չեն դիմանում», - ասաց Պողոսյանը:

Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ օրենքը կարող է կիրառվել տվյալ ժամանակահատվածում զինված ուժերում ծառայող սպայի նկատմամբ: «Օրենքը խոսում է այն զինծառայողների մասին, որոնք գտնվում են զինծառայության մեջ», - ասաց Վարդան Պողոսյանը՝ ավելացնելով, որ աստիճանազրկելու մասին դրույթը չէր կարող կիրառվել վաղարշակ Հարությունյանի նկատմամբ, քանի որ վերջինս արդեն չէր ծառայում զինված ուժերում:

2000 թվականի մայիսին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո, Վաղարշակ Հարությունյանը «գտնվում էր կադրերի տրամադրության տակ»: Պողոսյանի խոսքերով, Հարությունյանը չէր կարող մեկուկես տարի մնալ կադրերի տրամադրության տակ, քանի որ «դա չի բխում ոչ այն ժամանակվա իրավական ակտերից, ոչ էլ գործող օրենքից»: Ելնելով գործող օրենքից, որոշ ժամանակ անց Վաղարշակ Հարությունյանը չէր կարող համարվել զինված ուժերում ծառայության մեջ, հետեւաբար նա պաշտոնաթող գեներալ էր: Իսկ պաշտոնաթող գեներալին, բնականաբար, չի կարելի աստիճանազրկել:

Նոր օրենքում պետք է ամրագրված լիներ նաեւ կոչումներից եւ, մասնավորապես, բարձրագույն սպաներին կոչումներից զրկելու ընթացակարգը: «Տվյալ դեպքում օրենքը, ցավոք սրտի, ընթացակարգը չի սահմանել», - ասաց Պողոսյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG