Մատչելիության հղումներ

80 ընտանիք նոր բնակարաններ ստացան Երեւանում


Այսօր Երեւանում՝ Հրաչյա Քոչար - Վաղարշյան փողոցների խաչմերուկում շահագործման հանձնվեց պետբյուջեի միջոցներով կառուցված 80 բնակարանանոց բնակելի շենքը:

Շենքի կառուցման համար տրամադրվել էր 580 մլն դրամ: 4,5 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով շենքի շինարարությունը սկսվել էր 1998 թվականին: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը աշխատանքները որակով ու ժամանակին կատարելու համար իր երախտագիտությունը հայտնեց կապալառու կազմակերպությանը՝ «Երեւանշին» շինարարական ընկերությանը:

«Երեւանշին»-ի գլխավոր տնօրեն Վազգեն Պողոսյանը ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է առաջիկայում եւս մասնակցել նման ծրագրերի իրականացմանը, չնայած նրան, որ կարիքավորների մեծ քանակի պատճառով շինարարները չեն ստացել իրենց հասանելիքը՝ կառուցված բնակարանների 10 տոկոսը:

Այս տարվա մայիսին պետբյուջեի միջոցներով քաղաքի կենտրոնում ավարտվել էր 2 այլ բարձրահարկ շենքերի շինարարությունը: Այս շենքերը սկսվել էին կառուցվել 1988 թվականից, կիսակառույց բարձրահարկերի շինարությունն ավարտելու համար 2 տարի առաջ պետբյուջեից 550 միլիոն դրամ էր հատկացվել:

Իսկ այսօրվա բնակարանամուտի արարողությունը Երեւանի քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքային իշխանությունների հաջորդ խնդիրը Կոնդ թաղամասի կառուցապատումն է եւ երկու բնակելի շենքերի շինարարությունը Արշակունյաց պողոտայում: Քաղաքապետարանը արդեն բյուջետային միջոցների հայտ է ներկայացրել 2003 թվականի համար, եւ քաղաքապետը վստահ է, որ կառավարությույնը կհաստատի այդ նախագծերը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG