Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի»-ի այսօրվա համարում թերթի ընթերցողների հարցերին պատասխանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը: Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին Արկադի Ղուկասյանը ասել է. - «Հայաստանը իր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում է՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Կարծում եմ, Հայաստանը փորձում է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման միջազգային ջանքերին խանգարող քայլեր: Ուրիշ բան, որ Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված չլինելը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու գործում: Հասկանալի է, որ այսպես հավերժ չի կարող շարունակվել. եթե Ադրբեջանը ապագայում եւս չհրաժարվի իր ոչ կառուցողական դիրքորոշումից, ապա Լեռնային Ղարաբաղը կարող է բարձրացնել Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը՝ որպես միջազգայնորեն ճանաչվելու ճանապարհի առաջին քայլ»: Իր դեմ կազմակերպված մահափորձի գործով ազատազրկման դատապարտված Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ներում շնորհելուն վերաբերող հարցին Արկադի Ղուկասյանը պատասխանում է. - «Ներել կարելի է միայն նրան, ով զղջում է»:

«Առավոտ»-ը մեկնաբանում է ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած միտքը, թե ինքը կողմնակից է Ղարաբաղի խնդրի կարգավորման «փուլ առ փուլ իրականացվող փաթեթային լուծմանը»: Ընդ որում, փաթեթում ներառվում են տարածաշրջանի բոլոր երկրները: «Մնում է արձանագրել, որ անվիճելի արժանիքներ եւ ծառայություններ ունեցող Մանուկյանն այս մի խնդրին առանձնապես չի տիրապետում: Հակառակ դեպքում նա հստակ կգիտակցեր, որ «փուլ առ փուլ փաթեթային լուծում» արտահայտությունը հավասարազոր է «ուղիղ մազերով գանգրահեր աղջիկ» բնորոշմանը», - գրում է «Առավոտ»-ը: Թերթի պարզաբանմամբ՝ խնդրի փաթեթային լուծումն իրենից ներկայացնում է որոշակի միջոցառումների շարք՝ Ղարաբաղի կարգավիճակի կանխորոշմամբ, իսկ փուլային լուծումը՝ ըստ էության, նույն միջոցառումների իրականացումը՝ առանց կարգավիճակի ճշտման: «Ուստի ո'չ փուլային, ո'չ փաթեթային լուծումը չեն կարող ընդգրկել այլ երկրներ կամ երկրամասեր», - հստակեցնում է մեկնաբանը:

«Ուղղակի եւ միանշանակ պետք է ասեմ, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու եմ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում հայտարարում է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: - «Զբաղեցնելով այս պաշտոնը, անբարո եմ համարում այլ դիրքորոշման մասին մտածելը»: «Ինչ վերաբերում է Դեմիրճյանի ընտանիքի կամ արմատական ընդդիմադիր կուսակցությունների առանձին լիդերների հետ իմ հարաբերություններին», - շարունակում է քաղաքապետը, - «ապա կարծում եմ, նրանց եւս պետք է պարզ եւ հասկանալի լինի իմ դիրքորոշումը»:

«Պաշտոնական Թեհրանն իր համաձայնությունն է տվել Իրանն ու Հայաստանը իրար կապող Քաջարանի թունելի շինարարության նախագծին մասնակցելուն», - գրում է «Օր» թերթը՝ վկայակոչելով հայ-իրանական հանձնախմբի համանախագահ Արտաշես Թումանյանին: Վերջինիս խոսքերով, առայժմ ակտիվ բանակցություններ են ընթանում եւ վաղ է խոսել թունելի շինարարությունը սկսելու որոշակի ժամկետների մասին: «Փորձագետների գնահատմամբ, նախագծի արժեքը տատանվում է 45-ից մինչեւ 72 մլն դոլարի սահմաններում: Իրանական կողմը պատրաստ է ստանձնել ֆինանսավորման 85 տոկոսը», - փոխանցել է Թումանյանը: «Օր» թերթը հավելում է. «Մասնագետների կարծիքով, Մեղրու թունելը չափազանց կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլ նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնք կարճ ճանապարհ կունենան դեպի Անդրկովկաս եւ ավելի հեռու՝ Եվրոպա»:

«Հայոց Աշխարհ»-ում անդրադառնալով հարցին, թե Հայաստանի տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ համաշխարհային շուկաներում դիտարկվող դոլար - եվրո տատանումները, նախկին վարչապետ Դարբինյանը ասում է. - «Շատ կցանկանայի, որ Հայաստանի շուկայում դոլարի անկումը կապված լիներ միջազգային ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի հետ: Սակայն այդ դրսեւորումները զուտ տնտեսապես միմյանց հետ կապ չունեն: Ասվածի հիմնավորումը մեկն է. Հայաստանի տնտեսությունը, ցավոք, դեռեւս բավարար չափով ինտեգրված չէ համաշխարհային տնտեսության մեջ: Եվ համաշխարհային տնտեսության մեջ դիտարկվող միտումները լուրջ ազդեցություն չունեն մեր երկրի տնտեսության վրա»:

Նորացված կոմկուսի առաջնորդ Յուրի Մանուկյանից «Օրրան»-ի թղթակիցը փորձել է ճշտել, թե ովքեր են հայաստանյան «բոլշեւիկները», ովքեր՝ «մենշեւիկները»: «Մենք իսկական մարքս-լենինյաններ ենք, ինչը նշանակում է գաղափարապես շնչող-ապրող օրգանիզմ՝ ենթակա էվոլյուցիոն բոլոր կանոններին, իսկ իրենք՝ դարբինյանականները, դոգմատիկ, կարծրացած, 30-ական թվականների ոգով առաջնորդվող ստալինականներ են», - նկարագրում է Մանուկյանը: Թերթում ներկայացված է նաեւ կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի տեսակետը. «Եթե մեկը մարքս-լենինյան գաղափարախոսությունից անջատում է Ստալինին, դա արդեն ապացուցում է նրա գաղափարական տգիտությունը: Ստալին հազարամյակը մեկ է ծնվում: Եվ եթե մեկը համարում է, թե մեզ ստալինականներ համարելով մեզ վիրավորում է, ապա չարաչար սխալվում է: Դա մեր հպարտությունն է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG