Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամի ծրագիրը կթեթեւացնի Հայաստանի տնտեսական դժվարությունները





Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը երեքշաբթի օրը մանրամասներ հրապարակեց ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի 150 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրի վերաբերյալ: Մինչեւ 2003 թվականի նոյեմբերի 1-ը իրականացվելիք ծրագիրն ունի երեք ուղղություն՝ ճանապարհաշինություն, բնակարանաշինություն աղետի գոտում եւ մշակութային օջախների վերանորոգում:

Ճանապարհաշինությանը հատկացվող 71,5 մլն դոլարով կառուցվելու է մոտ 450 կմ ճանապարհ, 43 մլն դոլարով 4000 նոր բնակարաններ կկառուցվեն աղետի գոտում, մշակութային օջախների՝ այդ թվում Օպերային թատրոնի եւ Մատենադարանի շենքերի վերանորոգմանը կհատկացվի 17,5 մլն դոլար:

Հիմնադրամների միջոցներով նաեւ բարեկարգվում են Երեւանի կենտրոնական փողոցներից 12-ը, եւ, Թումանյանի խոսքերով, դրանց բարեկարգումը, հիմնադրամի պահանջով, պիտի ավարտվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը, ինչի հետ էլ կապված է ավտոմեքենաների եւ հետիոտների երթեւեկության համար առաջացած որոշ անհարմարությունը:

Անդրադառնալով որոշ լրատվամիջոցներում շրջանառվող մեղադրանքներին, թե հատկացված միջոցները «լվացվում են»՝ առաջիկա ընտրապայքարում որպես ընտրակաշառք օգտագործելու համար, նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ մայթերի եզրաքարերը բարեկարգելուն (նշված լրատվամիջոցների կողմից հատկապես այս աշխատանքներն են նշվում) հատկացված է ընդամենը 65 հազար դոլար:

Արտաշես Թումանյանի տեղեկացմամբ, Լիսնի հիմնադրամի ներկայացուցիչները անսպասելի ստուգումներ անցկացնելու իրավունք ունեն, եւ արդեն մի քանի անգամ ստուգումներ են անցկացրել:

Արտաշես Թումանյանը, որ նաեւ Լինսի հիմնադրամի հայաստանյան խորհրդի համակարգողն է, ի պատասխան լրագրողների հարցին, ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց տարածված լուրերը, թե ինքը փոխարինելու է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:

Երեւանի փողոցների բարեկարգման համար հատկացվել է 14 միլիոն դոլար, իսկ աշխատանքներում ընդգրկված է 600 մարդ: Ճանապարհաշինության մեջ աշխատում է 5000, բնակարանաշինության մեջ՝ 4500 եւ մշակութային օջախների վերականգնման աշխատանքներում՝ 800 մարդ: Նրանց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 100 հազար դրամ:

Ճանապարհաշինության ուղղությունը նախատեսում է նաեւ կամուրջների հիմնանորոգում, թունելների անցկացում, Երեւանը շրջանցող երկու նոր ճանապարհների կառուցում: Ամենամեծ ծրագիրն այստեղ Սելիմի լեռնանցքով Սեւան - Մարտունի - Գետափ 124 կմ երկարությամբ ռազմավարական ճանապարհի կառուցումն է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG