Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու մասին նախագահի հրամանագիրը, «Առավոտ»-ի պարզաբանմամբ, հակասահմանադրական է: «Գործող Սահմանադրության հոդված 55-ի 16-րդ կետով՝ ՀՀ նախագահը լիազորություն ունի միայն «պարգեւատրել ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհել բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ», եւ այլն: Շնորհված կոչումները «հետ վերցնելու» կամ դրանցից զրկելու իրավունքի մասին ՀՀ Սահմանադրության մեջ որեւէ ակնարկ չկա», - ընդգծում է թերթը, որի գնահատականն ամփոփոված է վերնագրում՝ «Մանր գավառական վրեժ»:

«Հիմա արդեն Վաղարշակ Հարությունյանը, երեւի թե, շարքային է: Մի քանի օր անց էլ կպարզվի, որ ընդհանրապես կամ «նեգոդնի» է եղել, կամ փողով ազատվել է բանակից, կամ էլ 18 տարեկանում հասցրել է 2 երեխա ունենալ ու չարամտորեն խուսափել է բանակում ծառայելուց», - հեգնախառն արձագանքում է «Օրրան» թերթը, ենթադրելով նաեւ, թե ինչ նպատակ կարող է հետապնդել Ռոբերտ Քոչարյանը:. - «Ցանկանում է մյուս բոլոր գերենալներին հասկացնել, որ եթե իր չտվածը ինքը կարող է ետ վերցնել, ապա տվածը կվերցնի ու կվերցնի»:

«Օրրան»-ը մեջբերել է Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը. «Այժմ, երբ վերջապես Հայաստանի քաղաքացիությունը ստացա, հիմքեր կան մասնակցելու ընտրարշավին եւ կարծում եմ՝ նույնքան իրավունք ունեմ, որքան ցանկացած այլ ոք»: Թերթի մատուցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը առավել կարեւոր է համարում ապագա ընտրություններին հավաքական թեկնածությամբ հանդես գալը: «Որպեսզի չլինի 2-3 անհատ, որոնք իրենց անհատական շահերը կցանկանան պետականի վերածել», - ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով. - «Ես հույս ունեմ, որ անկախ նրանից, թե ով է լինելու վերջնական թեկնածուն, այդ թեկնածուի շուրջը կհամախմբվի մի հավաքական գաղափար, Հայաստանի ապագային միտված մի ուղղություն, եւ ամենակարեւորը, հանրային վստահությունը եւ հավատը, որ նա կարող է ներշնչել մեր ժողովրդին»:

«Առավոտ»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, գրում է. «2003թ. փետրվարին նախատեսվող նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը։ Հաշվի է առնվել փաստացի փոխվարչապետի մեծ ազդեցությունը եւ' մարզերում, եւ' կառավարությունում»։

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում, խոսելով նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրած թեկնածուին պաշտպանելու մասին, կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ասում է. - «Ամեն ինչից զատ գոյություն ունի իրականություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր կա լուրջ համագործակցություն իշխանության բոլոր թեւերի միջեւ: Ուստի առկա իրողություններից ելնելով, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, կարծում եմ, դժվար չէ հասկանալ՝ ՀՀԿ-ն որ թեկնածուին կպաշտպանի ընտրություններում»:

«Ազգ»-ի մեկնաբանի հայացքով՝ ակնհայտ է, որ կոռուպցիայի՝ կաշառաշորթման եւ կաշառատվության հիմնական պատճառներից մեկը հենց այն է, որ երկրի օրենքների անկատարությունը, շատ դեպքերում նաեւ անարդարացիությունը, բառացիորեն հարկադրում են կաշառքի միջոցով շրջանցել այդ օրենքները։ «Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում մենք դարձյալ ԱԺ «գործուղենք» այսօրվա կարգի վայ-օրենսդիրների, ապա եւս 4 տարով երկարաձգելու ենք երկրի օրենսդրական դաշտի առողջացման, հետեւաբար նաեւ՝ կոռուպցիան նվազեցնելու հեռանկարը», - գրում է մեկնաբանը։

Հայաստանի բնակչության 40 տոկոսը երբեւէ մտադրված է եղել արտագաղթել երկրից, իսկ 16 տոկոսը մտադիր է լքել Հայաստանը մոտակա 5 տարիների ընթացքում: Չափահաս երիտասարդության շրջանում այդ ցուցանիշները նկատելիորեն բարձր են: «Օր» թերթի փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Կարպիս Իրադյանը: Թերթում բերված տվյալներով, վերջին 10 տարիներին Հայաստանը լքել է մոտ 900 հազար մարդ կամ ամբողջ բնակչության մեկ քառորդը:

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը «լավատեսական սցերանով» ներկայացնում է, թե արդարությունը ինչպես կհաստատվի. «Մուշեղ Սաղաթելյանը դուրս կգա բանտից եւ նրա տեղը կնստի Աշոտ Գիզիրյանը: Իսկ քաղմասներում եւ ոստիկանության զանազան այլ «վարչություններում» մնացած սաղաթելյաններն ու գիզիրյանները կշարունակեն խոշտանգել մարդկանց: Կոմբիկորմի Վլադին եւ Ծաղիկ Ռուբոյին ազգային բարձրագույն օրենսդիր մարմնում կփոխարինեն Տրամվի կռուգի Սերոժը եւ Կալբաս Էդիկը: Նոր նախագահը Լինսի հիմնադրամի միջոցներով կհանի քաղաքի լուսավորության բոլոր սյուները, կներկի դրանք կապույտ գույնի եւ կդնի տեղը: Կբացվի «Ա1+»-ը, կփակվի «Պրոմեթեւսը»՝ «մրցույթի» կամ «ահաբեկչության» պատրվակով»: «Լավատեսական սցենար»-ի վերջում դառնալով իրեն, Արամ Աբրահամյանը գրում է. - «Կարեւոր հարց է առաջանում՝ իշխանափոխությունից հետո ես, անձամբ ե'ս արդյո՞ք այնքան մեծահոգի եւ իմաստուն կգտնվեմ, որ չփորձեմ վրեժ լուծել Ամալյանի նման կամակատար «պեշկաներից»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG