Մատչելիության հղումներ

Եվրամիության եւ Եվրախորհրդի պատվիրակները հանդիպեցին Հայաստանի ղեկավարներին



Վարդան Օսկանյանը եւ Լիդի Փոլֆերը


Տարածաշրջանային այցերի շրջանակներում Երեւանում գտնվող Եվրախորհրդի նախարարների խորհրդում ներկայումս նախագահող երկրի՝ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Լիդի Փոլֆերի եւ Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերի գլխավորած պատվիրակությունները այսօր հանդիպումներ են ունեցել Հայաստանի ղեկավարության հետ՝ քննարկելով համախատասխանաբար Հայաստան - Եվրախորհուրդ եւ Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Լիդի Փոլֆերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը հետեւողական է Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում եւ որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է ընթանում: Որոշ հարցերի վերաբերյալ կան ուշացումներ, սակայն դրանք հիմնականում տեխնիկական բնույթ ունեն եւ ժամանակի ընթացքում կկարգավորվեն:

Ռոբերտ Քոչարյանն ու Լիդի Փոլֆերը հանգամանալի քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Լիդի Փոլֆերի գլխավորած պատվիրակությունը այսօր հանդիպել է նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանի եւ խորհրդարանում ներկայացված խմբերի եւ խմբակցությունների անդամների հետ:

Հայաստանի ստանձնած պարտավորություններից Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում մահապատժի վերացման խնդրով: ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, ներկայացնելով այս ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ իր եւ խորհրդարանի քաղաքական ուժերի տեսակետը, նշել է, որ կողմ լինելով Հայաստանում մահապատժի վերացմանը, իրենք եւ ողջ հայ ժողովուրդը գտնում են, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների նկատմամբ պետք է կիրառվի մահապատիժ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ Քրեական օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունումը մահապատժի կիրառման վերաբերյալ վերապահումով լուրջ առաջընթաց է:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, մինչդեռ, անցած շաբաթ Երեւանում կրկին շեշտել էր, որ մահապատժի վերացման հարցում բացառություններ չեն կարող լինել:

Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերի այցը նպատակ ուներ ծանոթանալ տարածաշրջանային խնդիրներին՝ մեկ տարի հետո Իտալիայի կողմից ԵՄ նախագահությունը ստանձնելու նախաշեմին:

Հայաստանի նախագահի հետ Մարգերիտա Բոնիվերի հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքի մասին: Ըստ տիկին Բոնիվերի, Իտալիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել խնդրի կարգավորման գործին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG