Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պաշտոնյան բարվոք է համարում Հայաստանում մարդասիրական օգնության կոորդինացման վիճակը


ՄԱԿ-ի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյը անցած երեք օրերին Հայաստանի նախագահի, վարչապետի, առանցքային նախարարների ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալուց հետո տպավորություն է ստացել, թե արտաքին մարդասիրական օգնության կոորդինացումը Հայաստանում ավելի բարվոք վիճակում է, քան ԱՊՀ մյուս երկրներում։

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Միժեյը, այդուհանդերձ, կարծիք հայտնեց, թե անցած տասնամյակում Հայաստանին տրամադրված միջազգային օգնության ծավալների ու դրանցից ստացված արդյունքների միջեւ անհամապատասխանություն կա. թեեւ ստացված մարդասիրական օգնությունը շատ մեծ ծավալներ է ունեցել, աղքատությունը, այդուհանդերձ, աճել է:

Անցած ժամանակահատվածում դրսից ստացված մարդասիրական օգնության ծավալները կազմել են ավելի քան երեք միլիարդ դոլար, իսկ արտաքին արտոնյալ վարկավորումը մոտ է մեկ միլիարդ դոլարի սահմանագծին, մինչդեռ, այսօր էլ բնակչության մեկ շնչի հաշվով երկրում ստեղծվող տարեկան եկամուտը չի հասնում 600 դոլարի, ու այս ցուցանիշով Հայաստանը աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում է։

Այս հանգամանքը չի կարող գոհացնել ՄԱԿ-ի պաշտոնյաներին։ Այդուհանդերձ, մասնագիտությամբ տնտեսագետ ու անցումային փուլի երկրների հիմնախնդիրների մասնագետ համարվող Կալման Միժեյը Հայաստանի պարագայում համարում է, որ ձեռքբերված տնտեսական ցուցանիշները տպավորիչ են՝ Խորհրդային Միության փլուզման, Սպիտակի երկրաշարժի եւ տարածաշրջանային հակմարտությունների խորապատկերի վրա։

Պարոն Միժեյը նախագահի եւ վարչապետի հետ քննարկել է Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, ու առաջարկել է փոխել այդ ծրագրի անվանումը: Նրա կարծիքով, ասենք՝ Բարգավաճման եւ հասարակական դաշինքի ծրագիր կոչվելու դեպքում այն ավելի ոգեշնչող եւ գրավիչ կլիներ հասարակության համար: Նրա խոսքերով, նման ծրագիրը կարող է հաջողություն ունենալ, եթե նրա մշակմանը եւ իրագործմանը հավասար մասնակցություն ունենան իշխանությունները, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքական ընդդիմությունը։

Առաջին երկուսից պարոն Միժեյը նման հավաստումներ ստացել էր, սակայն որեւէ հանդիպում չի ունեցել քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա փոխանցեց միայն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներից լսածը, թե երկրի զարգացման ու ապագայի հարցերում բազմազան ու խիստ իրարամերժ են իշխանության ու քաղաքական ընդդիմության մոտեցումները:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG