Մատչելիության հղումներ

Հայաստանը հույս է հայտնում, որ ճգնաժամը Թուրքիայում չի անդրադառնա «երկխոսության» վրա





Հինգշաբթի օրը Հայաստանը հույս է հայտնել, որ Թուրքիայում խորացող կառավարական ճգնաժամը չի անդրադառնա հայ-թուրքական քաղաքական «երկխոսության» վրա:

«Հարկ եմ համարում շեշտել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Թուրքիայում ներքին քաղաքական կայունության հաստատումը», - պատասխանելով լրատվամիջոցների հարցին, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը: - «Կարող եմ հույս հայտնել, որ սկսված երկխոսությունը, անկախ Թուրքիայում քաղաքական զարգացումներից, կշարունակվի, քանի որ այն բխում է երկու հարեւան ժողովուրդների եւ պետությունների շահերից»:

Հայտարարությունը հետեւել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հրաժարականին, ինչի մասին հայտնի դարձավ այսօր ավելի վաղ: Ջեմը եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այս տարվա ընթացքում արդեն երեք հանդիպում էին ունեցել եւ, իրենց խոսքերով, շոշափելի առաջընթաց էին գրանցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամսվա վերջին Ստամբուլում:

Ջեմի հրաժարակը լուրջ հարված է Թուրքիայի ծանր հիվանդ վարչապետ Բյուլենթ Էջեւիթին եւ նրա՝ անդունդի եզրին գտնվող կառավարությանը: Դրանով ավելի հավանական է դառնում Թուրքիայում վաղաժամ ընտրությունների անցկացման հավանականությունը:

62-ամյա Իսմայիլ Ջեմը թուրքական կառավարության այն սակավաթիվ անդամներից էր, որոնք միջազգային կշիռ ունեին: Նա առանցքային դերակատարություն է ունեցել թուրք-հունական կապերի բարելավման գործում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG