Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պաշտպանելու է Արկադի Ղուկասյանի թեկնածությունը


Անցած շաբաթավերջին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կազմակերպության կենտրոնական կոմիտեի նիստում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Արկադի Ղուկասյանի թեկնածությունը:

«Դաշնակցությունը որոշել է, որ ընտրություններին մասնակցելու է եւ պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Ալյոշա Գաբրիելյանը, ավելացնելով, որ որոշումը կայացվել է՝ ելնելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում առկա քաղաքական իրադրությունից: - «Տարբերակները հաշվարկվել են, ելնելով այն բանից, որ Դաշնակցությունը ուժ է ներկայացնում Արցախում, եւ այն 30 տոկոս քվեն, որ ժողովուրդը տվել է ինչպես խորհրդարանական, այնպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, խոսում է այն մասին, որ Դաշնակցությունը կարող էր այլընտրանք ունենալ եւ առաջադրել իր թեկնածուին»:

Այդուհանդերձ, կուսակցությունը գտել է, որ «ռեալ ուժը, որի միջոցով կարելի է Արցախում բարեփոխություններ կատարել, դա գործող նախագահն է»: Գաբրիելյանի տեղեկացմամբ, որոշակի փոխհամաձայնություններ են կայացվել ՀՅԴ եւ Արկադի Ղուկասյանի միջեւ, սակայն կադրային որոշակի պահանջներ չեն դրվել:

Եթե վերընտրվի իրենց պաշտպանած թեկնածուն, ապա Դաշնակցությունը ակտիվ ու նպատակասլաց գործունեություն կծավալի մի շարք ուղղություններով: Կուսակցությունը նախագահի հետ միասին լրջորեն կպայքարի կոռուպցիայի դեմ, եւ այդ պայքարը պետք է սկսել «իրավապահ մարմիններից»: Չի բացառվում, որ այստեղ առանցքային պաշտոններից մեկը վստահվի Դաշնակցության ներկայացուցչի:

Գաբրիելյանը ավելացրեց, որ վերընտրված նախագահը պետք է հնարավորություն տա «ծավալուն կերպով զբաղվելու» տնտեսական խնդիրներով. այս կետում եւս կա պայմանավորվածություն:

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրություններում Ղուկասյանը լուրջ մրցակիցներ, կարծես թե, չունի: Մնացած երեք թեկնածուներից ամենահայտնին խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Թովմասյանն է:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG