Մատչելիության հղումներ

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան


Հուլիսի 8-ին ուշ երեկոյան եռօրյա այցով Երեւան է ժամանում Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբ Օլլահ Բիթարաֆը՝ քննարկելու երկու երկրների միջեւ էներգետիկ ոլորտում համաձայնեցված ծրագրերի կատարման ընթացքը, հետագա գործակցության խնդիրներն ու հեռանկարները:

Նախատեսված են Հաբիբ Օլլահ Բիթարաֆի հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, էներգետիկայի նախարարի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Ըստ Հայաստանի էներգետիկայի նախարարության լրատվության ու հասարակության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության, քննարկվելու են անցած տարեվերջին Հայաստանի նախագահի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջեւ ստորագրված «Էլեկտրաէներգետիկայի ոլորտի գործակցության մասին» հուշագրի կատարման ընթացքը, Արաքս գետի վրա հայ-իրանական համատեղ հիդրոկայանի կառուցման, ինչպես նաեւ Հայաստան-Իրան բարձրավոլտ հոսանքագծերին առնչվող խնդիրներ:

Երկու երկրների միջեւ 1998 թվականից գործող բարձրավոլտ հոսանքագծով հնարավոր է տարեկան 150-200 մեգավատտ էլեկտրաէներգիայի մատակարարում: Նոր շինությունները՝ Ագարակի փոխանջատիչ կետը եւ Սյունիք - Կենտրոն բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, հնարավորություն կտան ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները՝ դրանք հասցնելով 350 մեգավատտի:

Երեւանում անցկացվելիք բանակցությունների օրակարգում Իրան - Հայաստան գազատարի շինարարության հարցն ընդգրկված չէ, բայց «Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով, քննարկման առարկա է դառնալու նաեւ այդ խնդիրը: 120 միլիոն դոլար արժողությամբ այդ 140 կիլոմետրանոց խողովակաշարի շինարարության սկիզբը մի քանի անգամ հետաձգվել է գազի գնի շուրջ տարաձայնությունների եւ խողովակաշարի ֆինանսավորման աղբյուրների անհստակության հետեւանքով:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG