Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովում երեկվա քվեարկությունների արձագանքների գերակշիռ մասը մամուլում հիմնականում բացասական է: «Հանրապետական կուսակցությունը փոխանակեց «մեծամասնական» Ընտրական օրենսգիրքը «ականջ քաշելու» կանոնակարգի հետ», - ձեւակերպել է «Առավոտ» թերթը: - «ՀՀԿ-ն «վաճառեց» իր ձայները՝ հօգուտ մեծամասնական ընտրակարգի՝ փոխարենը ստանալով մի քանի «կողմ» ձայներ ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու քվեարկության ժամանակ։ Այդպիսով, իշխող կուսակցությունը հերթական անգամ վարկաբեկեց ու վնասեց, առաջին հերթին, ինքն իրեն։ «Քաղաքական սպեկուլյացիա վերընտրության մարմաջով. մեծամասնությունն ապացուցում է իր անողնաշարությունը», - վերնագրել է «Ազգ» թերթը: «Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունն էլ օրինաչափ ու հիանալի ֆիասկո էր», - գրում է «Օրրան»-ի մեկնաբանը: - «Օրինաչափ, որովհետեւ այս խորհրդարանից այլ քվեարկություն սպասելը պատրանք է, եւ հիանալի, որովհետեւ լավ հնարավորություններ տվեց բոլոր պատգամավորներին իրենց ձայնի ու իրենց անձի կշիռը բարձրացնելու՝ որտեղ որ հարկն է: Իսկ ինչո՞ւ ոչ: Խորհրդարանական ընտրություններից առաջ շատ կարեւոր է ապահովել ապագա խորհրդարանում սեփական տեղը: Իսկ դրա համար ի՞նչն է կարեւոր: Քաղաքական առեւտուրը: Ես՝ քեզ, դու՝ ինձ: Այլընտրանք չկա»: «Օրրան»-ում ամփոփված է. - «Մնում է սպասել ընդդիմության եւս մի քանի շատ անկեղծ ու շատ հոգեցունց ասուլիսների, որտեղ մանրամասն կնշվեն հետագա քայլերը, որպեսզի կառավարությունն ու իշխանությունը ժամանակ ունենան հակաքայլերը մշակելու եւ օրենքների տեսքով ընդունելու: Իսկ օրենքները մեր ամենաժողովրդավարական երկրում պարզապես չեն կարող հօգուտ գործող իշխանության չկատարվել»:

«Օր» թերթը ավելի ծանրացել է ոչ այնքան իշխանություն - ընդդիմություն, որքան իշխանամետ ուժերի ներքին ճեղքվածքների վրա: «Հանրապետական կուսակցությունը այդ ճամբարի մյուս քաղաքական ուժերին առաջին հերթին դիտում է իբրեւ մրցակիցների ու հակառակորդների», - նշում է մեկնաբանը: - Եվ գիտակցում է, որ «ի տարբերություն, օրինակ, ամուր կուսակցական կառույցներ ունեցող Դաշնակցության, չօգտագործելով իր «թաղային» ռեսուրսը, կարող է պարտվել»: Ընդհանուր առմամբ, «իշխանամետ ուժերն իրենց համար ավելի հարմար ձեւ են ընտրում ապագա ընտրություններում հաջող ելույթ ունենալու համար: Իսկ իշխանությունների համար, վերջին հաշվով միեւնույն է, թե ինչպես իրեն սատարող ուժերը կհայտնվեն ԱԺ-ում»:

Այն բանից հետո, երբ վարչապետ Մարգարյանը «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում որպես վկա հանդես գալով մի քանի օր առաջ ասաց, թե Հունանյանի խմբի հետեւում կազմակերպիչներ կան, «Առավոտ» թերթը առավել հասունացած է համարում, որ նախագահ Քոչարյանը իր խոստացած «կտրուկ պատասխանը» տա իրեն այդ ոճրագործության հետ կապող ուժերին: «Իշխանական քարոզչամեքենան ջանք չէր խնայում մեր ուղեղները մշակելու, որ Նաիրի Հունանյանն ու իր համախոհները պարզապես երկիրը փրկելու մոլուցքով տառապող մոլորյալներ են, - ուրվագծում է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Այս վարկածն այժմ հարցականի տակ դրեց ոչ այլ ոք, քան պետության երրորդ դեմքը։ Եթե այսքանից հետո էլ Քոչարյանը չտա իր կտրուկ պատասխանը, ուրեմն նա չի անի այդ երբեք։ Նախագահն իրավացի է. դատավարությունն, իրո՛ք, այն փուլում է, երբ նա կարող է չվախենալ, թե իր խոսքը կընկալվի որպես ճնշում դատարանի վրա։ Հակառակը, դատարանի վրա ճնշում կարող է որակվել նրա լռությունը»։

«Հետզհետե բոլորս նկատեցինք, որ դատավարություն չկա, վերածվել է շոուի», - «Օրրան»-ի հարցազրույցում այսօր ասում է Վազգեն Սարգսյանի մայրը: - «Այս իշխանությունները նեցուկ են լինում այդ ստորներին, ինչ-որ բաներով օգտակար են լինում դրանց, իրենց գործողություններով ապացուցեցին, որ իրենք ինչ-որ մասնակցություն ունեցել են: Տեղյակ են եղել ամեն ինչից... Եվ քանի դեռ Հայաստանում ա'յս իշխանություններն են, ա'յս նախագահն է, դատավարությունը չի բացահայտելու իրական մեղավորներին», - համոզված է Գրետա Սարգսյանը:

Դատելով վերջին շրջանում քաղաքական շրջանակներում ու մամուլում լայնորեն ծավալվող արծարծումներից, ստացվում է, որ «Հայաստանում իրենց շահերն ունեցող գերտերություններից յուրաքանչյուրի ղեկավարը՝ լինի դա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Հայաստանում արդեն ունի 5-6 եւ նույնիսկ ավելի «նախագահացու», - անդրադարձել է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Նման մթնոլորտում յուրաքանչյուր քաղաքացու, ուրեմն եւ ընտրողի մեջ այն գաղափարն է արմատավորվում, որ ինչ-որ մեկն արդեն որոշել է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը, ուրեմն անիմաստ է խորանալ նախագահության ապագա թեկնածուների ծրագրերի ու կենսագրական մանրամասների մեջ, դրսեւորել քաղաքացիական կեցվածք»: «Կասկած չունենք, որ նախագահական ընտրություններից առաջ գերտերությունները սկսել են Հայաստանում իրենց հարմար թեկնածուներ փնտրել: Բայց դե ամեն ինչ չափ ու սահման ունի», - ընդգծվում է «Հայոց Աշխարհ»-ում: - «Ի վերջո ընտրությունը մենք՝ այս երկրի քաղաքացիներս ենք անելու: Այդ իսկ պատճառով հասարակությանը պետք է զերծ պահել նախագահացուների ներկա կլոունադայից ծնունդ առնող հոռետեսական տրամադրություններից, վերականգնել նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ: Գերտերությունները միշտ «այո» են ասում այն թեկնածուին, որին իրենց ձայներն են տվել տվյալ երկրի ընտրողների մեծամասնությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG