Մատչելիության հղումներ

Վերաքվեարկությունը թիվ 67 ընտրատարածքում տեղի կունենա հուլիսի 14-ին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց Շիրակի մարզում խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների վերաքվեարկությունը անցկացնել հունիսի 14-ին:

Սահմանադրական դատարանը անվավեր էր ճանաչել թիվ 67 ընտրատարածքում մայիսի 16-ին կայացած ընտրությունների արդյունքները՝ գտնելով, որ քվեարկությունն անցել է խախտումներով ու կեղծիքներով: Որոշումն աննախադեպ էր այն առումով, որ շահող կողմը ընդդիմությունն է. բողոքով Սահմանադրական դատարան էր դիմել ընտրություններում պարտված ճանաչված թեկնածուն՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եղբայրը՝ Վարդան Մակեյանը: Իսկ պատգամավորական մանդատից զրկվողը ՀՅԴ անդամ Հակոբ Մատիլյանն էր:

«Մենք կայացրել ենք արդար որոշում», - մեկնաբանելով վճիռը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց տվյալ հարցը դատարանին զեկուցող դատավոր, Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: - «Ոչ սենսացիոն եւ ոչ էլ հօգուտ որեւէ մեկի»:

Սահմանադրական դատարանի անդամը վստահեցրեց, որ դատարանի վրա ոչ մի ճնշում չի եղել: «Դատարանին ընդհանրապես չի հետաքրքրել, թե որ կուսակցության ներկայացուցիչն է հաղթել», - ասաց նա: - «Մենք հստակ կատարել ենք մեր սահմանադրական լիազորությունները: Եվ հետագայում էլ, կարող եմ ասել, որ դատարանին երբեւէ չի հետաքրքրում, թե քաղաքական կուսակցություններից որի ներկայացուցիչն է հաղթում պատգամավորական մանդատը ձեռք բերելիս»:

Հայտնաբերված կեղծիքներն այս անգամ եղել են ավելի կոպիտ, քան նախկինում արձանագրվածները: 3 տարի առաջ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել նույն ընտրատարածքի վերաբերյալ, ու թեեւ ընտրությունն այն ժամանակ անվավեր չէր ճանաչվել, Սահմանադրական դատարանը զգուշացրել էր, որ ընտրացուցակները լավ վիճակում չեն եւ շտկման կարիք ունեն: Սակայն, Թոխյանի խոսքերով, այս անգամ ընտրացուցակները ավելի վատ վիճակում էին: Եվ այս անգամ կեղծիքները հետեւանքներ կունենան, քանի որ գործով արդեն զբաղվում է դատախազությունը:

Սահմանադրական դատարանը համառ եւ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում պարզել է, որ 26 ընտրական տեղամասերից 11-ում ընտրական ցուցակները ո'չ ստորագված են եղել, ո'չ կնքված, այսինքն՝ իրավաբանական ուժ չեն ունեցել եւ դրանցով ընտրություններին մասնակցել է 11 հազարից ավելի ընտրող (ընդհանուր 31 հազար 875-ից): Իսկ միայն մեկ՝ Լեռնակերտի տեղամասում 408 ընտրողից 119-ի անձնագրային տվյալները կեղծ են եղել: Այսինքն այդ մարդիկ իրականում չեն մասնակցել ընտրությանը, ինչը Ֆելիքս Թոխյանը «խայտառակություն» որակեց:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG