Մատչելիության հղումներ

ՍԺ կանոնակարգի փոփոխությունների քվեարկությունը հետաձգվեց


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը այսօր ավարտեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկումը: Օրինագիծը, սակայն, քվեարկության կդրվի միայն 15 օր հետո:

«Որոշակի հաշվարկներ տեղի ունեցան եւ ակնհայտ էր, որ նախագիծը չէր ընդունվի», - իր կարծիքը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: - «Եվ, հավանաբար, դրանից ելնելով, հիմնական զեկուցողը, կանոնակարգի համապատասխան, առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել»:

Քննարկումն այսօր թեեւ այնքան բուռն չէր, ինչպես երեկ, բարձրացվող հարցերը, այդուհանդերձ, նույնն էին: Օրինակ՝ ո՞վ ծնեց այս փոփոխությունների գաղափարը: «Իրավունք եւ միաբանության» տեսակետը ներկայացնող Աղասի Արշակյանի համար պարզ է, որ «ծնողի հավակնությունները ականջ քաշելու հակումներ ունեցողների մոտ է»:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարի կարծիքով, սակայն, այդ գաղափարը ծնվել է հենց այստեղ՝ նիստերի դահլիճում, «հենց այն օրերին, երբ այդ միջադեպը տեղի ունեցավ»: Սահակյանը նկատի ունի գարնանային նիստի վերջին եռօրյայի աշխատանքների տապալումը ընդդիմադիր պատգավորների կողմից, երբ խորհրդարանի ղեկավարությունը հրաժարվեց օրակարգում ընդգրկել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցը: Դրան հետեւեցին Ռոբերտ Քոչարյանի կոշտ բնորոշումներն ու սպառնալիքները՝ ուղղված ընդդիմադիր պատգամավորներին եւ, ավելի ուշ՝ կառավարության նախաձեռնությունը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելով պատժամիջոցներ սահմանել կարգազանց պատգամավորների նկատմամբ:

Գալուստ Սահակյանը այսօր ասաց նաեւ, որ թեեւ օրինագիծը ներկայացրել է կառավարությունը, դրա վրա աշխատել են «Միասնության» պատգամավորները:

«Մեր ձեռքով գրված օրինագիծը քննարկման ընթացքում, այո, մենք էլ ենք զգում, որ պիտի փոփոխությունների անպայմանորեն ենթարկվի», -այդուհանդերձ ավելացրեց «Միասնության» ղեկավարը:

Կարգազանզ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող փոփոխություններում, ըստ խորհրդարանական որոշ ուժերի ներկայացուցիչների, հստակեցված չէ բուն «կարգազանցություն» սահմանումը: Ամեն ինչ պետք է հստակ լինի, որպեսզի բացառվեն կամայականությունները նախագահողի կողմից:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը նույնպես իր ելույթում նշեց, որ օրինագծի տեքստը լրամշակման կարիք ունի:

«Հայաստան» պատգամավորական խումբի տեսակետը հնչեցրած պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ասաց, որ այս ճանապարհով վարկաբեկվում է Ազգային ժողովը եւ «այդ վարկաբեկման գործընթացը այսօր չի սկսվել»:

Ակնհայտ դարձավ, որ առաջարկությունները մեկնարկային տեսքտով պատգամավորների համար ընդունելի չէ: Կառավարության տեսակետը մեկնաբանող արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանն էլ իր եզրափակիչ ելույթում ընդունեց, որ մեխանիզմների եւ սահմանումների ճշգրտման անհրաժեշտություն կա:

«Բոլոր մեր առաջարկութունները կներառվեն եւ գլխադասային հանձնաժողովը իր վերաբերմունքը կարտահայտի», - ամփոփելով քննարկումը, ասաց ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG