Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հանրապետական կուսակցության «Ժամանակ» պաշտոնաթերթում այսօր տարակուսանք է ընդգծված՝ արժե՞ր Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունների այս օրինագծով «ռումբ» մատուցել ընդդիմությանը: «Մի՞թե պարզ չէր, որ նախագահի իմփիչմենթի կողմնակից պատգամավորները առիթը ձեռքից բաց չեն թողնելու՝ հընթացս սեւացնելով նաեւ գործադիր իշխանությանն ու ԱԺ-ում նրա հենարան մեծամասնությանը», - գրում է մեկնաբանը, նշելով նաեւ, որ այդ մեծամասնությամ մի մասն էլ առանձնապես վստահելի չէ. - «Չարժե զարմանալ, եթե հանրապետականների դրոշի տակ խորհրդարան մտած պատգամավորները այս ընտրություններից առաջ գերադասեն «շագրենի կաշին»՝ հաջորդ խորհրդարանում ղեկավար պաշտոն ստանալու առաջարկության դիմաց»: «Օրրան» թերթի վերլուծությամբ էլ՝ «Ռոբերտ Քոչարյանը այս փուլում հիմնովին «փչացրեց» գործադրին, օրենսդրին, հատկապես մեծամասնության պատգամավորներին, որովհետեւ վտանգավոր էր ոչ թե ընդդիմադիրների փակ գաղտնի քվեարկությունը (վերջիններս բացահայտ՝ ի լուր բոլորի արտահայտել են իրենց տեսակետները), այլ հենց վերջիններիս փակ գաղտնի դրսեւորումները: Ավելին՝ հարցը դարձնելով միջպատգամավորական բախման առարկա՝ գլխավոր հրամանատարը հանրության ուշադրությունը կտրեց իրենից եւ բերեց նոր կանոնակարգը ընդունելու դեպքում իրեն ամբողջովին սպառած պառլամենտի վրա»:

«Գուշակություն չանենք, թե արդյո՞ք ականջաքաշության մասին օրենքը քվեարկությամբ բավարար ձայներ կհավաքի, սակայն պարզ է, որ դրա քննարկման իսկ փաստը էապես հարվածում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշին», - անդրադառնում է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ ավելի սառնասիրտ ու հաշվենկատ վարքագիծ տեսնելով Սերժ Սարգսյանի կողմից: Վերջին հարցազրույցում պաշտպանության նախարարի արտահայտությունները պետական բարձրաստիճան պաշտոնյաների ցածր նշաձողի մասին «Իրավունք»-ը համեմել է հետեւյալ դիտարկումներով. «Այդ կոշտ արտահայտությունները վերաբերում են հենց Ռոբերտ Քոչարյանի կատարած նշանակումներին, որոնց գերակշիռ մասն ընկնում է 2000 թվականի մայիսից հետո: Եվ դա մի հսկայական քար է, որ նետված է վարչապետի եւ Հանրապետական կուսակցության բոստանը: Կարելի է ասել, որ բարձրաստիճան պալատական խարդավանքներում «քավության նոխազի» լավագույն թեկնածուները հենց Անդրանիկ Մարգարյանը ու հանրապետականներն են: Միեւնույն ժամանակ, ներկայիս կադրերի «ջարդը» կարող է լինել այն գաղափարը, որը կվայելի հանրության որոշակի համակրանքը»:

«Ուշադիր հետեւեք Քոչարյանի քայլերին. դրանք մեկ նպատակ ունեն՝ Մեղրին հանձնել Ադրբեջանին», - «Իրավունք»-ի հարցազրույցում այսօր ասում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: - «Իմ ժամանակ քննարկվել է միայն մեկ տարբերակ, որի համաձայն՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին... Ռոբերտ Քոչարյանը անձամբ է ինձ ասել, թե՝ «Սա շատ լավ տարբերակ է»: Մեզ պաշտոնանկ անելու հիմնական պատճառը Մեղրիի հարցն էր, ես եւ Արամ Սարգսյանը հակադրվում էինք այդ տարբերակին»:

«Երկիր» թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ, «ներադրբեջանական խնդիրների լուծման եւ քարոզչական նպատակներով Ալիեւի կամ նրա շրջապատի կողմից արված հայտարարություններն անմիջապես ակումուլացվում են հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի, անձանց ու լրատվամիջոցների կողմից՝ արդեն զուտ ներհայաստանյան խնդիրների լուծման համար»: «Երկիր»-ում միաժամանակ մատնանշված է. «Տեղի ունեցողի մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ իշխանությունը՝ ի դեմս իր արտաքին հարաբերությունների գերատեսչության, որը կեղծ գաղտնապահություն խաղալով՝ բավարարվում է լոկ լուրեր հերքողի դերակատարմամբ: Այնինչ, ցանկացած հարցի կապակցությամբ տարաբնույթ շահարկումների բացառման ամենաարդյունավետ ճանապարհը հարցի հնարավորինս հրապարակայնացումն է»:

«Հայոց Աշխարհ» թերթի շեշտադրմամբ, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում իր պահվածքով համառում է՝ «հույս ունենալով, որ Պուտին - Բուշ վերջին հանդիպումից հետո արագորեն ծավալվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացները եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կհանգեցնեն Հայաստանի ներկա քաղաքականության փոփոխությանը»: Հայաստանի ներքին ընթացքի մասով «Երկիր» թերթն էլ այսօր առանձնացնում է. «Իշխանության ճամբարում կան շատ անհատներ, որոնք ազատ լինելով կուսակցական եւ քաղաքական կողմնորոշումներ ունենալու «բեռից»՝ պատրաստ են ցանկացած պահի ճամբարափոխություն կատարել՝ եթե դա պահանջի քաղաքական կոնյունկտուրան: Միասնական թիմը ենթադրում է նաեւ միասնականություն քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցում: Իսկ պատասխանատվության ստանձնումն օրգանապես կապված է կադրային քաղաքականությանը: Քաղաքականություն, որը առանց չափազանցության, գործող իշխանության ամենաթույլ ու առավել խոցելի տեղն է», - գնահատված է «Երկիր»-ում: - «Շատ ոլորտներում կադրային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն զգացվում է վաղուց, ուստի իմաստ ունի դրանք կատարել մինչեւ ընտրությունները: Նախընտրական մարաթոնին նախապատրաստվող թիմը պետք է հրաժարվի բալաստից»:

Եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնանկության մասին լուրերը զուտ ասեկոսեներ չեն, նա սերունդների հիշողության մեջ կմնա որպես մարդ, որը քանդուքարափ արեց Օպերային հարակից մասը։ Այս տարբերակը, «Առավոտ»-ի խմբագրականի խտացմամբ, ամենահարմարն է մեր մայրաքաղաքի ամենաթողության իրական հեղինակների, այդ թվում՝ կառուցվող սրճարանների ուժային «տանիքների» համար. ավելի լավ է զոհաբերել երկրորդական չինովնիկի, քան ցուցադրել սեփական դեմքը։

Բենզինի հայկական շուկայում ծավալվող գործընթացները, գների թանկացումը, «Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, պայմանավորված են զուտ ներքին խնդիրներով: Գործարար Միխայիլ Բաղդասարովը մեծածախ վաճառքի համար այլեւս բենզին չի ներմուծում, ու թեեւ նա բացասաբար է պատասխանել թղթակցի դիտարկմանը, թե դա կապված է Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան հակասությունների հետ, «Հայկական ժամանակ»-ը համադրել է. «Բաղդասարովը բենզինի ներկրումը դադարեցրեց այն բանից հետո, երբ մամուլը գրեց, որ նախագահականում այդպիսի որոշում է կայացվել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG