Մատչելիության հղումներ

Վերակազմավորումները միտված են պետական ապարատը կրճատմանը


Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, կառավարությանն առընթեր 4 գործակալություններ վերակազմավորվել են՝ այս կամ այն նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանումների կամ պետական ոչ առեւտրային հիմնարկների, ինչի նպատակը պետական ապարատի կրճատումն է:

«Գործակալությունները այսուհետ պիտի գործեն «Կառավարչական հիմնարկների մասին» օրենքով նախատեսված հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով», - պարզաբանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը:

Կառավարությանն առընթեր 11 գերատեսչություններ արդեն փոխել էին կարգավիճակը՝ մտնելով համապատասխան նախարարությունների կազմի մեջ՝ իրբեւ առանձնացված ստորաբաժանումներ։ Այդ փոփոխության հետեւանքով դրանցում վերանում է մի շարք ընդհանուր ծառայությունների՝ ասենք, հաշվապահության, կադրերի եւ ընդհանուր բաժինների, անհրաժեշտությունը։ Այդ բաժիններում աշխատող մարդիկ, բնականաբար, կրճատվում են։

Ըստ Մանուկ Թոփուզյանի, մինչ այժմ կատարված վերակազմավորումների ընթացքում շուրջ 1000 պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից։ Միայն կառավարության կենտրոնական ապարատից հեռացվել է 160 աշխատող, նախարարությունների եւ վերակազմավորված գործակալությունների աշխատակազմերը կրճատվել են 20 - 30 տոկոսով։

Երեւի թե, հենց այս կրճատումների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին հնարավոր լինի որոշ չափով բարձրացնել պետական ծառայության մեջ մնացածների աշխատավարձը։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն այսօր հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնք ունենալու դեպքում անձին արգելվելու է պետական պաշտոններ զբաղեցնել։ Մանրամասնելով ցանկը, Թոփուզյանն ասաց, թե խոսքը առաջին հերթին հոգեկան եւ մտավոր խանգարումների մասին է, երբ «դա խոչընդոտում է պետական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարմանը»:

«Պետական քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն, պետական ծառայության մեջ գտնվող անձինք պետք է ատեստավորվեն ու հաստատեն իրենց մասնագիտական եւ ֆիզիկական համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ Ըստ նախարարի, արդեն այս տարվա դեկտեմբերին 1-ին կսկվի պետական քաղաքացիական ծառայողների զանգվածային վերապատրաստումը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG