Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը «Առավոտ» թերթում հանդես գալով որպես սակավաթիվ այն մարդկանցից, ովքեր շատ մոտիկից շփվել ու համատեղ աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ, ասում է. - «Նա աչքի էր ընկնում համառությամբ, պատժելու, իր ասածն անելու, սեփական եսը, որքան էլ այն սխալ լինի, առաջ տանելու առումով... Հայաստանում էլ այլախոհության, այլակարծության, բազմակուսակցականության մերժումը դարձավ նրա գործելակերպը: Եվ նրա վերջին դրսեւորումները, անշուշտ, դրա արտահայտությունն են»: Ըստ ՀՀՇ վարչության անդամի, Քոչարյանն «այս պահին այլեւս նահանջելու տեղ չունի: Հնարավոր բոլոր քայլերը նա պիտի օգտագործի առաջիկա ընտրություններում կամ նախընտրական պայքարում՝ ոչնչացնելու քաղաքական իր բոլոր հակառակորդներին, անհատներին, որոնք կարող են լինել պոտենցիալ թեկնածուներ կամ ունենալ թեկնածու... Նահանջելու տեղ չունի նա, ուստի իր համար ընդունելի են դառնում իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ջարդելու բոլոր տարբերակները՝ անօրինական, ուժային միջոցառումները»: «Օրրան» թերթի ուրվագծմամբ, «իշխանական բուրգում կատարյալ խառնաշփոթ է՝ իշխանական թեւերի ընդհատակյա գործունեություն, գլխավոր հրամանատարի թույլ տված մտային տակտիկական սխալներ, սեփական մերձակայքում կարգուկանոնի ստեղծման անհնարինություն, յուրայինների հետ երկխոսության գնալու անկարողություն: Եվ պատճառը զիջել չկարողանալն ու ներողամտորեն, ճիշտ հաշվարկով ժամանակին հետ քաշվելու ներքին կուլտուրայի պակասն է»: «Ինչպես իր ողջ կյանքում, այդպես էլ առաջացած այս նոր իրադրությունում եւս Քոչարյանը փորձում է հարցերը լուծել իրեն հատուկ «կոշտ» միջոցներով», - իր հերթին ձեւակերպել է «Օրրան»-ի մեկնաբանը: - Արդյունքում՝ իշխանական բուրգը հալչում է, «առավել եւս հիմա, երբ շրջանառության մեջ է Մեղրու տարբերակը, սկսված է իմփիչմենթի գործընթացը, գերտերությունները ինչ-ինչ բանակցություններ են վարում հայաստանյան քաղաքական որոշ ուժերի հետ, նրան աջակցած ուժերի վերջին օրերի պահվածքը ավելի շատ այն համոզմունքն է առաջացնում, թե նրանք կարծես դեմ չեն, որ «մավրը հեռանա»: «Օրրան»-ի մատուցմամբ, Դաշնակցությունը այսօր խիստ հիասթափված ու դժգոհ է Քոչարյանից, Հանրապետական կուսակցությունն էլ ընդվզումների եզրին է, իսկ մյուս հենարանը՝ Սերժ Սարգսյանը, չի բացառվում, որ կրկին վերամիավորվի նախկիններին, աջակցի Տեր-Պետրոսյանի նախընտրական պայքարին:

Պարբերաբար շրջանառվող խոսակցություններին անդրադառնալով, թե ընդդիմության ձեռնարկած գործողությունների, մասնավորապես՝ Քոչարյանի պաշտոնանկության խորհրդարանական աղմուկի հետեւում կանգնած է պաշտպանության նախարարը, պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Հայկական ժամանակ»-ում նախագահի պաշտոնանկությունը տենչող հատվածին խորհուրդ է տալիս նման «իլյուզիաներ» չունենալ: «Կարող է տնտեսական լծակների տիրապետման հարցերում նրանք ինչ-ինչ խնդիրներ ունենան, բայց գլոբալ առումով անմիջապես միավորվելու են: Այնպես որ, իլյուզիաներ են, թե մենք նստենք սպասենք՝ նրանք իրար մեջ իրար կխփեն», - ասում է Շավարշ Քոչարյանը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում նշում է. - «Հարկավ բոլոր այն ուժերը, որոնք սատարում են հանրապետության նախագահին, կցանկանային, որ դեռ մի երեք-չորս ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեր միասնական թիմ ձեւավորելու մասին: Բայց դրանով իսկ երկրի նախագահը կխթաներ նախընտրական գործընթացները: Իսկ նախընտրական գործընթացները որքան կարճ տեւեն, այնքան քիչ խոչընդոտներ կհարուցվեն երկրի տնտեսության զարգացման համար: Մյուս կողմից էլ, մի՞թե պարտադիր է, որ նախագահը միասնական թիմ ձեւավորելու մասին ինքը հայտարարի: Եթե նրան սատարող ուժերը, կուսակցությունները գտնում են, որ նախագահն ընդհանուր առմամբ ճիշտ է վարում երկրի ղեկը, թող իրենք հայտարարեն այդ միասնական թիմի մասին: Հասկանում եմ, անշուշտ, որ մարդիկ որոշակիություն են ուզում: Բայց, միաժամանակ, պետք չէ շտապել»: Սերժ Սարգսյանի գնահատականով, ընդհանուր առմամբ, երկրի ներքաղաքական իրավիճակը կայուն է, բայց «ամեն գնով հասարակության մեջ եւ երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձեր անող մարդկանց առկայությունը իր կնիքն է թողնում մեր իրականության վրա: Կարծում եմ, այս առումով մենք՝ իշխանություններս, կարող էինք ավելի լուրջ վերաբերվել նման մարդկանց: Կարող էինք ավելի խստորեն պահպանել երկրի օրենքները: Եվ, ըստ իս, պարտավոր ենք դա անել»:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ, իր «ոչ հավասարակշիռ հայտարարություններով» հենց նախագահն է սրում իրավիճակը, հիմա Ազգային ժողովի կանոնակարգի հարցին գործադիրի միջամտությունն էլ ինքնին ապակայունացնող փաստ է, իսկ առաջարկվող փոփոխությունները այնպիսին են, որ պարունակում են հսկայական լրացուցիչ ապակայունացնող լիցք: Այս ամենը, ըստ մեկնաբանի, ուղղակի վկայություն է, որ նախագահի դիրքերը էապես թուլացել են, եւ նրան այլընտրանք է մնացել «կա'մ հեռանալ, կա'մ պահպանել իշխանությունը՝ ապավինելով բացառապես ապօրինի ուժային քայլերին»:

«Օր» թերթը, որպես խիստ արդիական, այսօր ներկայացնում է մի հատված 1921 թվականին Ավետիք Իսահակյանին ուղարկված Հովհաննես Թումանյանի նամակից: «Մենք թե' դրսից, թե' ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք... Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: էսքան աղետների ու պարտությունների մեջ ո'չ մի մեղավոր չերեւաց, ո'չ ոք պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով... Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ, կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ի՞նչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG