Մատչելիության հղումներ

«Շարմ»-ը եթեր դուրս կգա սեպտեմբերից


Ապրիլի 2-ին Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի՝ մեծ աղմուկ հանած ու դատական գործընթացների տեղիք տված որոշմամբ «Ա1+»-ի կապուղին ստացած «Շարմ» ընկերությունը հեռարձակումը կսկսի սեպտեմբերից:

«Շարմ»-ի կազմում վերջերս ստեղծված հեռուստաընկերության տնօրեն Գրիգոր Նազարյանի խոսքերով, իրենք «բոլոր տարիքների» հեռուստադիտողներին հետաքրքրող բազմազան ծրագրեր են հեռարձակելու: «Մենք եթեր դուրս կգանք սեպտեմբերից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նազարյանը: - «Մենք ստեղծում ենք հեռուստատեսություն բոլոր հայերի համար»:

Նրա խոսքերով, լրատվական ծառայության համար արդեն հավաքել են «լրագորղների շատ լուրջ թիմ»: Իրենց լրատվական ծրագրերը նման չեն լինի «Ա1+»-ի ծրագրերին, քանի որ, Նազարյանի խոսքերով, իրենց երբեք որեւէ մեկին չեն նմանակել եւ չեն նմանակելու:

Ավելի վաղ «Շարմ»-ի ներկայացուցիչներն ասել էին, թե հեռարձակելու են հիմնականում «լավ լուրեր»՝ ի տարբերություն «Ա1+»-ի «քաղաքականացված» լուրերի:

«Ա1»-ը, որի փակումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում մտահոգություններ առաջացրեց Հայաստանում մամուլի ազատության կապակցությամբ, հաճախ էր եթեր տրամադրում ընդդիմադիր քաղաքական գործիչներին:

Դրա փաստացի փակումով, ինչը արժանացավ ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը, եթերում մնացին միայն նախագահ Քոչարյանին սատարող հեռուստաընկերությունները: Հեռարձակման ամենալայն ընդգրկումն ունեցող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ընդգծված նախագահամետ է:

Մասնավոր հեռուստաընկերությունների մեծամասնությունը աշխատում է նույն ուղղվածությամբ: Դրանցից ամենախոշորները՝ «Պրոմեթեւս»-ը եւ «Արմենիա»-ն վերահսկվում են համապատասխանաբար Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում ապրող հայ գործարարների կողմից:

Գրիգոր Նազարյանը կրկին պնդեց, թե իրենք հաղթել են մրցույթում, քանի որ ավելի լավ հայտ էին ներկայացրել: «Շարմ»-ը պարտավորվել է առաջիկա երեք տարիների ընթացքում 1,8 մլն դոլարի ներդրում կատարել: Նազարյանի խոսքերով, դրանց հիմնական մասը լինելու է «արտասահմանից»: Նա հրաժարվեց հրապարակել ներդրողների անունները:

«Մենք ուզում ենք հեռու նմալ տեղի ներդրողներից, որպեսզի անկախ լինենք», - ասաց նա:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG