Մատչելիության հղումներ

«Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կրկին հետաձգվում է





«Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւով Ռուսաստանի պարտքի մարման համաձայնագրի ստորագրումը կրկին, կարծես թե, հետաձգվում է: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովի՝ հունիսի 20-ին սպասվող այցը չկայացավ: Հայաստանը այս հանձնաժողովում ներկայացնող համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, սակայն, պնդում է, որ Կլեբանովը Երեւան կժամանի մոտ ապագայում:

«Իլյա Կլեբանովը գալու է Հայաստան, երբ կունենա բոլոր լիազորությունները Ռուսաստանի համապատասխան նախարարություններից, գերատեսչություններից՝ վերջնական որոշում կայացնելու համար: Եվ դա կլինի մոտ օրերս», - այսօր ասաց Սերժ Սարգսյանը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պարտքի դիմաց հիմնական գույքը՝ Հրազդանի ՋԷԿ-ը ռուսական կողմին փոխանցելու վերաբերյալ այսօր հայտարարեց, որ ՋԷԿ-ը՝ առանց կիսակառույց 5-րդ էներգաբլոկի, իրենք գնահատում են 100 միլիոն դոլար ու, կարծես թե, ռուսական կողմը համաձայն է այդ թվին, 5-րդ էներգաբլոկը եւս 55 միլիոն դոլար արժե, որը վաճառելը վերստին բանակցելու խնդիր է։

«Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում խոսվում էր հայաստանյան մի շարք ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները Ռուսաստանին փոխանցելու մասին՝ «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը եւ նախկին խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտած երեք գիտահետազոտական ինստիտուտ:

Վարդան Խաչատրյանը ասաց նաեւ, որ Ռուսաստանին Հայաստանի ունեցած շուրջ 100 միլիոն դոլարի պարտքը, որի մարմանն է ուղղված «Գույք՝ պարտքի դիմաց» արդեն մոտ մեկ տարի բանակցվող գործարքը, հակառակ նախկին իշխանական՝ ՀՀՇ-ական շրջանակների պնդումների, գոյանալ սկսել է հենց վերջիններիս օրոք:

«Որպես ֆինանսների նախարար ուզում եմ ասել, որ այդ պարտքերը կուտակվել են 90 թվականից հետո: Եվ դրա դիմաց տրված է արդեն գույք: Արդեն այն ժամանակ մեր ՊՇԷԿ-ի (Հրազդանի ՋԷԿ-ի) տոկոսները գրավ դրված էր»:


Ատոմ Մարգարյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG