Մատչելիության հղումներ

Նոր Քրեական օրենսգիրքը վերապահումներ է պարունակում մահապատժի հարցում


Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Քրեական օրենսգրքի նախագիծը, որով եւս մեկ քայլ մոտեցավ Եվրախորհրդի առջեւ ստանձնած առանցքային պարտավորություններից մեկի կատարմանը:

Խորհրդարանը, սակայն, մահապատժի վերացման կամքն արձանագրելով հանդերձ, սահմանեց օրենսդրական այնպիսի բարդ մի ընթացակարգ, որով մահապատժի կիրառումը դեռ երկար ժամանակ կմնա ուժի մեջ:

Օրինագիծը խորհրդարանին ներկայացրեց Երեւանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը: Նրա ներկայացրած նախագծում մահապատիժը բացակայում էր: Հարակից զեկուցմամբ հանդես եկած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, սակայն, առաջարկեց. «Մահապատժի վերացման վերաբերյալ սույն օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ դրա ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանքամանքներում սպանություն, տեռորիստական ակտ եւ մանկահասակ աղջկա բռնաբարություն»: Դալլաքյանը ավելացրեց, որ առաջին երկուսը՝ «ծանրացուցիչ հանքամանքներում սպանություն»-ը եւ «տեռորիստական ակտ»-ը, տարածվում են «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա՝ եթե դատարանը նրանց դատապարտի մահապատժի:

Պարզ չէ, թե Եվրախորհուրդը ինչպես կընդունի այս երեք վերապահումները, որոնց մասին հիշատակում անգամ չկա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Հայ օրենսդրական միտքը, սակայն, այդ հարցը լուծելու որոնումներ նույնպես կատարել է:

«Այս օրենքը ուժի մեջ մտնում է, դրա հետ միաժամանակ մտնում է օրենք՝ այս օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգի մասին», - ասաց Արա Գաբուզյանը:

Օրենքը ընդունվելու է Քրեական օրենսգրքի երրորդ ընթերցման ժամանակ միայն, եւ, ըստ Գաբուզյանի, առնվազն մեկ տարի կպահանջվի, որպեսզի «իրավակատարողը կարողանա մարսել Քրեական օրենսգիրքն ամբողջությամբ»:

Սակայն, ինչպես լրագրողներին պարզաբանեցին զեկուցողները, եթե Հայաստանը վավերացնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, ինչը նույնպես Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է, ապա Քրեական օրենսգրքում արձանագրված վերապահումները ի չիք կդառնան, քանի որ միջազգային օրենքները գերակայություն ունեն ներպետական օրենքների նկատմամբ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG