Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը արձագանքում են Քոչարյանի երեկվա հայտարարությանը


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը չորեքշաբթի օրը Գյումրիում հայտարարել է, թե սեպտեմբերին, երբ կվերսկսվեն Ազգային ժողովի նիստերը, Քոչարյանի պաշտոնանկության հարցը օրակարգ մտցնել պահանջող պատգամավորները շարունակելու են խանգարել խորհրդարանի աշխատանքը՝ մինչեւ նշված հարցի օրակարգում ընդգրկվելը:

Երեկ նախագահ Քոչարյանը կոշտ բնորոշումներ էր տվել իր պաշտոնանկությունը պահանջող պատգամավորներին եւ սպառնացել, թե իրավապահ մարմինները նրանց «ամբիոնից տեղափոխելու են համապատասխան վայրեր եւ պահելու են այնքան, ինչքան պետք է մինչեւ նիստի ավարտը»: Նախագահը նաեւ այսպիսի համեմատություն էր արել. - «Եթե ինչ-որ մի շեղված պատգամավոր վաղը նստի երկաթուղային գծերի վրա, դա չի նշանակում, որ Հայաստանի ամբողջ բեռնափոխադրումները կարող են կանգ առնել: Ականջներից բռնելու ենք, տեղափոխելու ենք ներքին գործերի բաժին, եւ երկաթուղին կաշխատի»:

«Ի՞նչ է նշանակում պատգամավորին «ականջից կբռնեն եւ կիջեցնեն ամբիոնից», - Գյումրիում այսօր վրդովված ասաց Ալբերտ Բազեյանը: - «Կգա սեպտեմբերը, կտեսնենք՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Որեւէ նիստ չի լինելու, մինչեւ այդ հարցը չքննարկվի»:

Ռոբերտ Քոչարյանի նախանձախնդրությունը պաշտոնանկության հարցի քննարկումից խուսափելու գործում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը բացատրեց այսպես. - «Ուրեմն, այստեղից հետեւություն ենք անում, որ [Քոչարյանը] շատ մեծ մտահոգություն ու վախ ունի այս հարցի հրապարակային քննարկումից»:

Նախագահի երեկվա հայտարարությունները տարբեր արձագանքներ է ունեցել Ազգային ժողովում: Դաշնակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Ռուստամյանը, օրինակ, համաձայն է նախագահի հետ, թե պատգամավորի անձեռնմխելիությունը սխալ է մեկնաբանվում:

«Անձեռնմխելիություն ասածը պիտի տարածվի միայն պատգամավորի այն աշխատանքների վրա, որոնք իսկապես պատգամավորը իրականացնում է իր կոչմանը հավատարիմ եւ իր գործունեության բնույթին համապատասխան»: - ասաց Ռուստամյանը: - «Մնացած բոլոր դեպքերում, բնական է, որ պատգամավորը որեւէ առավելություն կամ տարբերություն Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ չպիտի ունենա»:

Եվ եթե եւս մեկ անգամ խորհրդարանի աշխատանքը կասեցվի,ապա, Ռուստամյանի կարծիքով, միջամտություն պետք է հետեւի, առավել եւս՝ որ խորհրդարանում նախադեպեր եղել են:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» դաշինքի ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես գտնում է, որ ԱԺ-ում պատգամավորը կարող է եւ ձերբակալվել. «Բնականաբար՝ եթե օրինազանցություն է: Իսկ եռօրյայում արդեն երկրորդ օրը պարզ էր, որ դա օրինազանցություն է, որովհետեւ արգելակվում էր, փաստորեն, օրենսդիր իշխանության գործունեությունը»:

Իսկ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, ասաց, թե ինքն ընդունում է նախագահի մարտահրավերը: «Սեպտեմբերի 15-ին խորհրդարան գալու առաջին րոպեից ես կանգնելու եմ ամբիոնում եւ սպասելու եմ նախագահի հրամանագրին, թե ինքը ի՞նչ հրամանագրով է ինձ ամբիոնից իջեցնելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Հայկոմկուսը ներկայացնող պատգամավոր Գագիկ Թադեւոսյանի կարծիքով, խորհրդարանական ցանկացած ճգնաժամի պարագայում հանրապետության նախագահը միջամտելու մեծ զինանոց ունի: «Նա Սահմանադրությամբ իրավունք ունի Ազգային ժողովը ցրելու. սա ամենամեծ միջամտությունն է», - ասաց Թադեւոսյանը՝ շարունակելով, որ լարվածությունը թուլացնելու համար նախագահը կարող է հանդիպումներ ունենալ խորհրդարանական խումբ-խմբակցությունների, մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: - «Բայց՝ «իրավապահ մարմիններին կուղարկեմ, ականջից կբռնեն, դահլիճից կհանեն, կտանեն եւ այլն»՝ սա նախագահին վայել արտահայտություններ չեն, եւ նա դրա իրավունքը պարզապես չունի»:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG