Միացյալ Նահանգներում գտնվող Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը ուրբաթ օրը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխությունները նպաստավոր են ներկայանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար:
«Միացյալ Նահանգները մտադրված են կոնֆլիկտների պատճառները վերացնել, այլ ոչ միայն հետեւանքները», - «Ազատություն» ռադիոկայանին Վաշինգտոնից հեռախոսով ասաց Նաիրա Մելքումյանը: - «Ես համարում եմ, որ սա շատ ձեռնտու է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում»:
Մելքումյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել՝ ելնելով գործընթացի գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությունից: Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մոտակա հեռանկարներին վերաբերող հարցին, նա կրկնեց Ստեփանակերտի փաստարկը, թե խաղաղ բանակցությունների ելքը կախված է Ադրբեջանի դիրքորոշումից:
Վաշինգտոնում Նաիրա Մելքումյանը հանդիպումներ է ունեցել Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների եւ Կոնգրեսի անդամների հետ: Նրա խոսքերով, քննարկվել է «տարածաշրջանային խնդիրների բավական լայն շրջանակ»:
Հինգշաբթի օրը Նաիրա Մելքումյանը այցելել է «Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան գրասենյակը:
Հրայր Թամրազյան, Պրահա