Մատչելիության հղումներ

Անկախ հեռուստաընկերությունը դիմելու է Եվրոպական դատարան





Այսօր Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց տնտեսական դատարանի վճիռը՝ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության հայցով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի որոշումը անվավեր ճանաչելու մասին: Անկախ հեռուստաընկերության ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան:

Վճռաբեկ դատարանի այսօրվա նիստը, որին նախագահում էր դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանը, հանդարտ ընթացք ունեցավ եւ նախագահողի հրապարած վճիռն էլ կրքեր չբորբոքեց: Տպավորությունն այնպիսին էր, որ այլ վճիռ «Ա1+»-ի շահերի պաշտպաններն ու հեռուստաընկերության աշխատակիցները չէին սպասում:

Արման Մկրտումյանը նշեց, որ վճռաբեկ դատարանը երբեք այդքան երկար նիստ չի անցկացրել, եւ դա արվում է միայն այն պատճառով, որ խնդիրը հասարակական հնչեղություն ունի: «Մելտեքս» ընկերությունը ներկայացնող փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը կրկին պնդում էր, որ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը խախտել է գործող օրենքը: Արամ Մկրտումյանի մեկնաբանությամբ, սակայն, բողոքը վերաբերում է գործող օրենքին, որը շտկելու իրավասություն դատարանը չունի:

Այնուհետեւ պալատի դատավորները եւ նախագահը անցան խորհրդակցական սենյակ, որտեղից վերադարձան շատ արագ եւ հրապարակեցին որոշումը՝ Տնտեսական դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքը՝ առանց բավարարման: Վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ:

«Մեզ այս վճիռը ձեռք է տալիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ա1+»-ի աշխատակիցներից մեկը: - «Որովհետեւ մեր փաստարկները շատ ավելի ուժեղ են, քան այս դատարանի կայացրած որոշումը, եւ մենք կվիճարկենք Եվրոպական դատարանում»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG